Բաբկեն Թունյանը կարծում է՝ իրենց հիմնավորումները բավարարել են բողոքի ակցիայի մասնակիցներին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում շինարարական ընկերությունների ու կառուցապատողների աշխատակիցները՝ «Պետական տուրքի մասին» օրենքի դեմ:
Ցուցարարներից մի քանիսին խորհրդարանում ընդունել է «Ելք» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Պատգամավորի խոսքով՝ նրանք բողոքում էին 14 հազար դրամ պետական տուրքից, որը սահմանվում է Հայաստան ներկրվող ցեմենտի նկատմամբ:
«Բնականաբար, իրենց դա ձեռնտու չէ, բայց ավելի շատ բողոքում էին ժամկետից, որ պետք է օրենքն ընդունելուց հետո վեց ամիս ժամանակ տրամադրենք, որ իրենք ադապտացվեն: Սակայն տեղական արտադրողները պարզապես կարող էին սնանկանալ, ուստի արտադրողին պաշտպանելու համար անմիջապես այդ օրենքն ուժի մեջ կմտնի»,- ասաց Բաբկեն Թունյանը:
Ըստ նրա՝ օրենքը հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում կմտնի ուժի մեջ։
Բաբկեն Թունյանը նշեց, որ 1 տոննա ցեմենտի ներկրման համար սահմանված 14 հազար դրամ պետական տուրքը նորմալ չափ է, սկզբից ցեմենտ արտադրողները ցանկանում էին պետտուրքը սահմանել 30 հազար դրամ, հետո կառավարության հետ քննարկումների արդյունքում որոշվեց սահմանել 22 հազար դրամ պետտուրք: Այնուհետև, ըստ նրա, իրական ինքնարժեքը հաշվի առնելով՝ տնտեսական հարցերի հանձնաժողովը որոշեց սահմանել 14 հազար դրամ պետտուրք:
Նրա խոսքով՝ ԱԺ շենքի մոտ բողոքող քաղաքացիներին ներկայացրել են թվերն ու հիմնավորումները, նրանք մաքսազերզման հետ կապված որոշակի մտահոգություն են հայտնել, սակայն վստահեցրել են, որ խնդիր չեն ունենա, իսկ ունենալու դեպքում դիմեն ԱԺ-ին կամ էկոնոմիկայի նախարարին:
«Կարծում եմ՝ մեր հիմնավորումներն իրենց բավարարեցին: Ամեն դեպքում այդքան էլ դժգոհ չէին, եթե բողոքի ակցիան շարունակվի` կստացվի, որ այդքան էլ գոհ չեն»,- հավելեց Բաբկեն Թունյանը:
Նա միաժամանակ ասաց՝ այս օրենքի նախագիծն այն նախագծերից է, որ բոլոր կողմերը դժգոհ մնացին՝ և՛ տեղական արտադրողները, և՛ ներմուծողները, և՛ շինարարները, ինչն, ըստ նրա, նշանակում է, որ բալանսավորված որոշում են ընդունել:
Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե իրենք կողմ են քվեարկելու օրենքին, բայց օրենքի ընդունման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է «Իմ քայլը» խմբակցության վրա, Բաբկեն Թունյանը նշեց. «Ամբողջ պատասխանատվությունն այսպես, թե այնպես մեր վրա է, որովհետև մենք ենք այդ օրենքին կողմ քվերակել։ Եվ ընդհանրապես ոչ միայն այդ օրենքի, այլ ցանկացած օրենքի պատասխաատվությունն ի վերջո կողմ քվերակողների վրա է։ Դրա համար նորմալ է։ Իրենք դա բացասական երանգով են ասում, բայց շատ նորմալ է, եթե կողմ ենք քվերակել, նշանակում է դրա պատասխանատվությունը լիարժեք կրում ենք։ Եթե իրենք համարում են, որ ընդհանրապես այդ հարցերում իրենց պատասխանատվությունը չկա, դա իրենց դիրքորոշումն է»:
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց, կառուցապատողները դեմ են ներկրվող ցեմենտի թանկացմանը
- «Պետական տուրքի մասին» օրենքի ընդունումը ԱԺ-ում ու դրա դեմ բողոքը ԱԺ-ի դիմաց
- Առաջարկվում է 1 տոննա ցեմենտը հարկել 14 հազար դրամով
- Նոր առաջարկ՝ ներկրվող ցեմենտի համար
- Կարևոր է, որ իրանական ցեմենտը շարունակվի ներմուծվել․ Հայկ Սարգսյան
- Կառավարությունը ներմուծողներից կպաշտպանի տեղական ցեմենտ արտադրողներին
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան