Գագիկ Մակարյան. Էջմիածնի քաղաքապետի կոչը հետապնդում է բիզնեսի նկատմամբ
«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի խանութները բոյկոտելուց հետո, եկել է Մանվել Գրիգորյանի օբյեկտի ջուրը բոյկոտելու ժամանակը։ Եթե նախկինում նման կոչերի հեղինակները դեռևս պաշտոնյա չդարձած ակտիվիստներն էին, ապա հիմա հեղինակը Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանն է։
Հիշեցնենք, որ նա Կրակով քաղաքից ուղիղ եթեր է մտել ու էջմիածնի բնակիչներին կոչ է արել Մանվել Գրիգորյանին պատկանող սրճարանը բոյկոտել, այնտեղիc նույնիսկ ջուր չգնել, որպեսզի այդ սրճարանը սնանկանա, տուրքը չկարողանա վճարել ու փակվի։
Կարելի է ենթադրել է, սրճարանի տերը դեռ որևէ հիմնադրամ մուծում չի կատարել, ինչպես «Երևան Սիթի»-ին։
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Panorama.am-ի հետ զրույցում Գասպարյանի կոչը գործարարի նկատմամբ հետապնդում որակեց, գործելաոճը՝ անընդունելի, զգուշացրեց՝ սա բացասական ազդակ է ուղղված ներդրողներին։
«Ես կատեգորիկ դեմ եմ նման կոչերին, դրանք ոչ պրոֆեսիոնալ են, զգացմունքային։ Եթե նման 1-2 դեպք լինի, դա կարող է բերել վատ հետևանքների։ Երբ մեկ անգամ ամբողջ հանրապետության մակարդակով տարածում են, որ հաշվեհարդար տեսնելու կամ հարաբերություններ պարզելու համար սկսում են դրդել ատելության կամ որևէ կոնֆլիկտի, դա կարող է վարակիչ լինել։
Հետևանքները կարող են առավել վատ լինել, երբ նման կոչի հեղինակը պաշտոնյան է, պատկերացրեք, որ մի քանի պաշտոնյա Էջմիածնի քաղաքապետի կոչը հնչեցնի, դա ինչի կբերի։ Վաղն էլ կարող է ասեն, փետերը վերցրեք, գնանք, խփենք, ջարդենք, լարենք մեր երկրից։ Դա լավ ճանապարհ չէ»,-ասաց միության նախագահը։
Նա ընդգծում է, որ տարբեր ժամանակներում տարբեր մարդիկ, պաշտոնյաներ կամ գործարարներ կարող են խնդիրներ ունենալ՝ պայմանավորված զուտ սիմպատիաներով, անձնական հարաբերություններով, վարչական խնդիրներով։ Բայց պետությունը պետք է աշխատի օրենսդրությամբ սահմանված գործիքակազմով։
«Հարկային մարմինները չեն ասում, եթե այս բիզնեսի տերը մեր դուրը չի գալիս, եկեք գնանք էնքան ստուգենք, որ ոչնչացնենք։ Պետական մարմինները պետք է գործեն օրենքի շրջանակում»,-ասաց Մակարյանը։
Գործատուների միության նախագահի խոսքով, պետության կարևոր խնդիրը բիզնեսին ճիշտ դաշտ բերելն է, անկախ նրանից, թե ինչպիսի անցյալ է ունեցել, պետք է հարգանքով վերաբերել նրան որպես տնտեսվարող ու պետության համար բարիք ստեղծող, հարկեր վճարող, աշխատատեղ ստեղծող։
«Անցումային տնտեսություն ունեցող երկրներում բիզնեսի նկատմամբ հաճախ են լինում ատելության դրսևորումներ։ Անկախ այն բանից, թե ինչ կասեն պաշտոնյաները, մենք նկատում ենք, որ մեր հասարակության մեջ էլ ոմանց թվում է, որ բիզնեսը բնակչությանը թալանողներ են, ունեցածը տանող են, պետության հարկերը չվճարող են։ Դրանց հետ կապված շատ են հայտարարությունները, բայց եթե վերցնենք նման դեպքերը, հնարավոր է դրանք կազմեն Հայաստանի բիզնեսի 0.1 տոկոսը։ Դրա մասին ընդհանրապես պետք է մոռանալ, բայց անվանական նշելով, առաջացնում են նման տրամադրություններ։ Բայց պետք է հիշել, որ բիզնեսն է առաջ տանում էկոնոմիկան, ստեղծում է աշխատատեղեր, հարկեր է վճարում, պետությանը թև ու թիկունք է լինում»,-ասաց Մակարյանը։
Միության նախագահի խոսքով, պետք է թույլ տալ, որ բիզնեսները՝ հատկապես խոշորը, որ նախկինում արտոնյալ պայմաններում է աշխատել, մաքրվեն։ Հիմա արտոնյալ պայմաններ չկան, մոնոպոլիաներ են վերացվում, իսկ այս պարագայում ատելության մասին խոսելը, դառնում է ավելորդ։
Նա այն համոզման է, որ Էջմիածնի քաղաքապետի այդ կոչին անպայման պետք է հետևի գործադիրի հայտարարությունը։
«Կառավարությունը պետք է հայտարարի, որ համաձայն չէ նրա կոչին, որ դա անձնական է տեսակետ է, զգացմունքային, երիտասարդ տարիքի հետևանք է։ Կարևոր չէ, թե կառավարությունը ոնց կմերժի այդ տեսակետը, կարևորն այն է, որ հայտարարեն, նման գործելաոճը չեն ողջունում։ Անկախ այն բանից, թե ում է պատկանում տվյալ բիզնեսը, եթե այն վճարում է հարկերը, համապատասխանում է սննդի անվտանգության նորմերին, պետք չէ քաղաքացիներին հիշեցնել նրա մասին, դա չպետք է քաղաքացիներին հետաքրքրի»,-ասաց նա։
Անդրադառնալով Դիաննա Գասպարյանի նշած 7 մլն դրամ պահանջելուն, Մակարյանը նկատեց, տուրքի հաշվարկման հիմքում պետք է լինեն հիմնավոր ու օբյեկտիվ հաշվարկներ, որոնք պայմանավորված պետք է լինեն շրջանառության ծավալներով ու այլ հանգամանքներով։
«Պետք է հաշվել ըստ սեզոնայնության, շրջանառության և տուրքը ճիշտ դնել, մեր նպատակը չպետք է լինի բիզնեսը տապալել, ինչ է թե նրա հիմնադիրը մեզ դուր չի գալիս։ Կարծում եմ, որ կառավարությունը պետք է կտրուկ արձագանքի։ Սա կարելի է դիտարկել կոնկրետ անձի, գործարարի նկատմամբ հետապնդում, և դա արվում է այն պատճառով, որ քաղաքապետարանն ուրիշ լուծում չի կարողացել գտնել, ստիպված գնացել է նման էմոցիոնալ քայլի, բայց դա լուծում չէ, քաղաքապետը հաշվի չի առնում, որ այնտեղ մարդիկ են աշխատում, օբյեկտը հարկեր է վճարում, այն տնտեսվարող սուբյեկտ է։ Այս երեք պարամետրերը պետք է հարգվեն։ Պետք է լինեն պրոֆեսիոնալ, ոչ զգացմունքային, հստակ հաշվարկների հիման վրա, և որքան հնարավոր է բիզնեսի նկատմամբ գրգռող բաներ չառաջացնենք, քանի որ առանց այդ էլ կան թյուրընկալումներ, դրանք խանգարում են նաև ներդրողներին, ամեն երևույթը, ամեն հայտարարությունը ներդրողների մոտ առաջացնում է անհանգստություն ու սպասողական վիճակ»,-զգուշացրեց գործատուների միության նախագահը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին