Պատգամավորն առաջարկում է ոսկե հովազ կամ կանաչ կրիա մրցանակներ շնորհել
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերժեյ Բագրատյանն առաջարկում է փոփոխություններ կատարել «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում։
«Մենք բոլորս մեր աշխատանքը կատարելիս կամ որևէ նախաձեռնություն ներկայացնելիս խնդիր ենք ունենում օպերատիվ աշխատելու ու արդյունավետության իմաստով։ Երբ որ պատգամավորի գրավոր հարցմանը պատասխանում են 21 օրում, երբ պարզ քաղաքացու հարցմանը պատասխանում են հնգօրյա ժամկետում, մենք հետ ենք ընկնում քաղաքացուն օպերատիվ արձագանքման հնարավորությունից։ Սրա համար անհրաժեշտ են որոշ փոփոխություններ, այսինքն պատասխան ունենան հնգօրյա ժամկետում»,- ասաց նախագծի հեղինակը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի խոսքով էլ, շատ լավ ավանդույթ են ձևավորում, խորհրդարանական մշակույթ են դնում՝ իշխանության տարանջատման, զսպումների և հակակշիռների տեսանկյունից. «Կառավարությունը պետք է նորմալ վերաբերվի, որ իր կողմից բացասական եզրակացություն ստացած նախագծերը կարող են ընդունվել ԱԺ-ի կողմից»։
Այնուհետև դիմելով նախագծի հարակից զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանին, հետաքրքրվեց՝ կա՞ վիճակագրություն կառավարությունում, թե գործադիրի տարբեր մարմինների կամ քաղաքացիների հարցերին քանի օրում են պատասխանել կառավարության տարբեր մարմինները, կա՞ն լծակներ, որոնց միջոցով կարելի կլինի սանկցիաներ կիրառել, երբ պարզ թվացող հարցերի պատասխանները ուշացնում են և դրանով կանխեն կամայականությունը։
«Չկա նման վիճակագրություն և օրենսդրական պահանջ էլ չկա։ Ինչ վերաբերում է սանկցիաներին՝ փոխնախարարը կարծիք հայտնեց, որ քաղաքական սանկցիաներից ուժեղ սանկցիա հնարավոր չէ մտածել և երբ օրինակ՝ կառավարության հետ հարցուպատասխանին հարցը բարձրացվի, որ պարզ հարցում են ուղարկել որևէ մարմնի և չգիտես՝ ինչու, 20-րդ օրը նոր ստացել են պատասխան, դա կլինի ամենամեծ քննադատությունն ու սանկցիան։ Սակայն երբեմն հարցում ներկայացնող սուբյեկտի կողմից այդ իրավունքը շատ հաճախ չարաշահվում է, օրինակ՝ երբ քաջ գիտակցում են, որ այդ տեղեկատվությունը հասանելի է, սակայն կրկին հարցում են ուղարկում»,- պատասխանեց փոխնախարարը։
Պատգամավորն իր արձագանքում դիմեց ԱԺ նախագահությանը. «Նախ հաշվառում իրականացնենք, թե որ գերատեսչությունը ինչ ժամկետում է պատասխանում հարցումներին, և մրցանակաբաշխություն անցկացնեն՝ տարվա կամ եռամսյակի կտրվածքով։ Եվ այստեղ՝ ԱԺ-ում շնորհեն ոսկե հովազ կամ կանաչ կրիա մրցանակները այն գերատեսչություններին, որոնք ամենաարագն են պատասխանել և ամենադանդաղը։ Դա լրացուցիչ ստիմուլ կլինի, որ այդ հինգ օրվա մեջ տեղավորվեք, և ֆիքսենք, որ քսանօրյա ժամկետում պետք է պատասխանեք, ոչ թե 30 օրում»։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան