«Մեր երկրում իրավիճակն այնպիսին է, որ դեռ գործում է ուժեղի մոտ թույլն է մեղավոր սկզբունքը»
«Օրենքն ասում է, որ երկրի նախագահը պետք է ներկայացնի նոր թեկնածու, դրա տակ հասկանում ենք միանգամայն նոր թեկնածու»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ պատասխանելով հարին, թե նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելով Վահե Գրիգորյանին, արդյո՞ք չի խախտել օրենքը։
Հիշեցնենք՝ խորհրդարանն արդեն մի անգամ մերժել էր Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ ՍԴ անդամն ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների երեք հինգերորդի ձայներով:
«Սահմանադրությունը նախագահի այս լիազորությունը կարգավորում է հետևյալ կերպ, որ նախագահը պետք է ներկայացնի ՍԴ դատավորի թեկնածու․ եթե ներկայացրած թեկնածուն Ազգային ժողովի պատգամավորների 3/5-ի հավանությունը չի ստանում, պետք է ներկայացնի նոր թեկնածու։ Թերևս նոր թեկնածու ներկայացնելու առումով կարելի է ասել, որ օրենքի խախտում է, նախկինում այդ թեկնածուն արդեն առաջադրել էր։ Եթե գլոբալ ենք դիտարկում, ամբողջովին իրավական հարթությունից տեղափոխվել է քաղաքական հարթություն և Սահմանադրական դատարանն արդեն քաղաքականացնելն անմիջական սպառնալիք է մեր երկրի իրավական անվտանգությանը»,- ասաց նա։
Վ. Այվազյանի խոսքով, այստեղ խնդիրն իրավական որոշակիությամբ և իրավական բարձր մշակույթի բացակայության պարագայում կոնկրետ օրենքը տարբեր կերպով մեկնաբանելու, մանիպուլյացիայի ենթարկելու մեծ դաշտ է ստեղծվում, ամեն մեկը կարողանում է յուրովի մեկնաբանել։
«Հիմա շատ իրավաբաններ կասեն, որ բացարձակապես օրենքի խախտում չէ, մի մասը կասեն խախտում է։ Համենայնդեպս, մեր երկրում իրավիճակն այնպիսին է, որ դեռ գործում է ուժեղի մոտ միշտն էլ թույլն է մեղավոր սկզբունքը։ Այսինքն, իրավունքի գերակայությունը մեզ մոտ դեռևս չի գործում»,- ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Գրիգորյան. Խիստ կանխատեսելի եմ համարում զրպարտախոսության և հայհոյախոսության շքերթն իմ դեմ
- Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Վահե Գրիգորյանին
- Սահմանադրագետ. Նախագահի փոխարեն լինեմ, Վահե Գրիգորյանի թեկնածությունը չեմ առաջադրի