Համազգային թատրոնն ուզում է աշխարհի թատերական մթնոլորտի կիզակետում «պոռթկա»,« բռնկվի» ու «խլրտա»
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում հաճելի ստեղծագործական թոհուբոհ է, թատրոնն ակտիվ գործունեություն է ծավալում և առաջիկայում թատերասերների դատին կհանձնի նոր ներկայացումներ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով վերջին հինգ ամսվա աշխատանքն ու առաջիկա ծրագրերը՝ թատրոնի նորանշանակ տնօրեն Արման Նավասարդյանն ասաց, որ Համազգային թատրոնն այժմ գտնվում է վերելքի փուլում, և իրենք ամեն ինչ անելու են թատրոնի զարգացման համար:
Նա նշեց, որ այս տարի հանդիսատեսին են ներկայացրել «Հաղթանակի գենեզիս», «Ճշմարտություն» և «Մինուս երկու» ներկայացումները, որոնք մեծ հաջողություն են ունեցել և սիրվել են թատերասերների կողմից:
««Հաղթանակի գենեզիս» ներկայացման ընթացքում հանդիսատեսը մտովի անցում է կատարում 90-ականների դժվարին, բայց հաղթանակած ժամանակների միջով: Պիեսը ստեղծվել է երեք հերոսների մանկության հիշողությունների հիման վրա»,- ասաց Արման Նավասարդյանը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն էլ նշեց, որ թատրոնը հանդես է գալիս նոր ձևաչափով: Այն կոչվում է թատերայնացված ընթերցանություն, որի ժամանակ թատերասեր հանրությունը հնարավորություն է ունենում ծանոթանալ հայ և համաշխարհային ժամանակակից դրամատուրգիային։
«Այն պատրաստվում է ռեժիսորի և պրոֆեսիոնալ դերասանների կողմից, սեղանի շուրջ նստած դերասաններն ընթերցում են պիեսը, տեղում խաղում դերը, իսկ հանդիսատեսը կարող է արտահայտել իր կարծիքը քննարկման ժամանակ, որ տեղի կունենա ընթերցանությունից անմիջապես հետո: Շատ հետաքրքիր մոտեցում է, արձագանքները միայն դրական են»,- ասաց Նարինե Գրիգորյանը:
Այսքանով Համազգային թատրոնի գործունեությունը չի սահմանափակվում: Այս ընթացքում թատրոնը հասցրել է հյուրախաղերով լինել Լիբանանում, Ռուսաստանում, առաջիկայում նույնպես կմեկնեն հյուրախաղերի, կմասնակցեն փառատոների:
«Այս շրջագայությունները բավականին արդյունավետ էին և բազմաթիվ առաջարկներ ենք ստացել: Հուլիսին Մոսկվայում կմասնակցենք «Վերածնունդ» փառատոնին, իսկ օգոստոսին՝ Լիտվայում կայանալիք փառատոնին: Մեր գլխավոր նպատակն է՝ մեր թատրոնը դառնա աշխարհի հետաքրքիր թատրոններից մեկը: Ոչ թե պետք է նստել Հայաստանում և ասել՝ լինենք ամենալավ թատրոնը, այլ պետք է լինել աշխարհի թատերական մթնոլորտի կիզակետում»,- ասաց Նարինե Գրիգորյանը:
Արման Նավասարդյանն էլ նշեց, որ թատրոնում պետք է միշտ ստեղծագործական մթնոլորտ տիրի. «Անդադար ստեղծագործական աշխատանքներ են պետք անել, ստեղծագործական եփման խլրտոցներ են պետք, թատրոնում ստեղծագործական բռնկումներ, պոռթկումներ պետք է լինեն, նոր մտքեր, գաղափարներ, իդեաների բախումներ են պետք: Միայն այս դեպքում թատրոնը կարող է առաջ գնալ, հակառակ դեպքում, կդառնա մոխագույն և իր դիմագիծը չունեցող սովորական մշակութային օջախ»:
Թատրոնի տնօրենը հայտնեց նաև, որ հուլիսի վերջին Համազգային թատրոնը հանդես կգա պրեմիերայով, բեմադրել են Թումանյանի «Լոռեցի Սաքոն» ներկայացումը, որը նվիրված է Հովհաննես Թումանյանի 150 և Սոս Սարգսյանի 90-ամյակներին: Բացի այդ, հուլիսի վերջին էլ կկայանա համերգ-ներկայացում՝ նվիրված Շառլ Ազնավուրին: «Ջազը թատրոնում» նախաձեռնությանն իր ջազային խմբով կմիանա Գարի Քյոսայանը:
Թատրոնն ունի նաև մարզերում մշակութային կյանքն ակտիվացնելու ծրագիր: Հունիսի 5-ին Գյումրիում կներկայացնեն «Հաղթանակի գենեզիս» ներկայացումը, իսկ հուլիսին կլինեն Տավուշում:
«Ուզում եմ սահմանամերձ բոլոր գյուղերում ներկայացնել «Հաղթանակի գենեզիս»-ը, ինչպես նաև ցանկանում եմ երեխաների համար խաղանք մեկ մանկական ներկայացում, քանի որ ես իմ մանկության տարիներին դրա պակասը շատ եմ զգացել»,- ասաց Արման Նավասարդյանը:
Անդրադառնալով ֆինանսական խնդիրներին՝ Համազգային թատրոնի տնօրենը նշեց, որ հիմա փորձում են հոգալ նոր ներկայացման ծախսերը:
«Դժվար է, բայց նաև չենք ուզում բեռ դառնալ պետության վրա: Ամեն անգամ չի կարելի պետությունից ուզել, պետք է ճիշտ ձևը գտնել: Կարծում եմ, որ նաև հովանավորների, անհատների, թատրոնը սիրող մարդկանց շնորհիվ բազմաթիվ ծրագրեր կարող ենք կյանքի կոչել»,- ընդգծեց նա:
Հարցին,թե արդյոք բիզնեսը հեշտությամբ է հովանավորում արվեստը, Արման Նավասարդյանը պատասխանեց. «Երբ նշանակվեցի թատրոնի ղեկավար, երկու շաբաթ հետո ինձ զանգեցին «Վարդանյան ընտանիք» հիմնադրամից և ասացին, որ պատրաստ են թատրոնին օգնել. 3 մլն դրամի չափով աջակցություն եղավ թատրոնին: Երբ հարցրեցի, թե փոխարենն ինչ պետք է անենք, պատասխանեցին՝ ոչինչ, միայն ստեղծագործեք»:
Հարակից հրապարակումներ`
- Համազգային թատրոնը նոր տնօրեն ունի
- Արման Նավասարդյանը կմասնակցի Համազգային թատրոնի տնօրենի մրցույթին
- Այնպես չէ, որ՝ վախ պաշտոն, այլ՝ վայ մամա ջան. Նարինե Գրիգորյան
- Թատրոնը պետք է ժամանակակից մարդուն շատ հետաքրքիր դառնա. Նարինե Գրիգորյան