«Հայաստանը նայում է դեպի Եվրոպա. բնական, ամուր, ռացիոնալ ընտրություն». Միքայել Մինասյանի հոդվածը՝«The Huffington Post»-ում
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հոդվածը «The Huffington Post»-ում.
«Ամերիկյան ինքնության և ինքնաճանաչման «Քաղաքացի Քեյնը» լեգենդար ֆիլմից 28 տարի անց Խորհրդային Հայաստանի էկրաններ բարձրացավ ֆիլմ, որը երիտասարդ գրող Հրանտ Մաթևոսյանի` հրաշքով չարգելված վեպի, հրաշքով չարգելված էկրանավորումն էր, որն այժմ դարձել է դասական ցանկացած մեկի համար, ով խոսում է հայերեն։ Ֆիլմը պատմում է խորհրդային Հայաստանի կյանքի մասին և այն պարփակված աշխարհի, որն ունի իր չգրված կանոնները։ Այն այդպես էլ կոչվում է. «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.)։ Ու հենց նույն շրջանում, իսկ դա 1960-ականներն էին, երբ աշխարհը գտնվում էր տեխնոլոգիական, քաղաքակրթական և քաղաքական հեղափոխությունների ալեկոծությունների տակ, երկու հովիվները հայկական լեռներում զրուցում են, թե քանի կարևոր երկիր կա աշխարհում։ Ու հանգում են եզրակացության. «Մենք, Ամերիկան ու դե, երևի, Ավստրիան»։
«Մենք ենք, մեր սարերը» հայկական կինոյի դասական լինելուց բացի ամփոփում է նաև հայերի նոր սերնդի ամենամեծ վախերը. չամփոփվել մեր լեռներում, չսահմանափակվել մեր գիտելիքներում և մեր պապերի պես մոտավոր գաղափար չունենալ աշխարհի մասին։ Հայերի նոր սերունդը ուզում է քայլել ժամանակի հետ ու լինել ժամանակակից աշխարհի մասը։ Իսկ նոր ժամանակը, սկսած Գրինվիչից, ծնվում է Եվրոպայում։ Այդ պատճառով է Հայաստանի ու հայերի բնական ձգտումը դեպի Եվրոպա։ Դա բնական, տրամաբանական, առողջ ու ռացիոնալ ընտրություն է։
Մեզ համար Եվրոպան մեր հավակնությունների խորհրդանիշ է և մեր հնարավորությունների պատուհանը։ Այդ պատուհանը բացվեց ԽՍՀՄ փլուզումից հետո և այս ընթացքում հասել է վավերացման փուլում գտնվող CEPA-ի համաձայնագրի, որն արտացոլում է այդ ընդհանուր ցանկություններն ու ամբիցիաները, որ ծրագրերի տեսքով ամփոփված են փաստաթղթում։
Հայաստանն ունի առաջնային 3 խնդիր՝ անվտանգություն, բարեկեցություն և ժողովրդագրություն։ ԵՄ-ի հետ հարաբերությունների օրակարգն ուղղակիորեն հատվում է մեր առաջնահերթությունների հետ: Ներքին կյանքի շարունակական բարեփոխումները և ժողովրդավարական ինստիտուտների կայացումը նախապայման են մեր ներքին անվտանգության առավել գործուն երաշխիքների ստեղծման ու դրանց ամրապնդման համար։
Մրցակցային տնտեսական միջավայրի ապահովումը Հայասանում, ԵՄ-ի գնողունակ շուկայի առավել մատչելիությունը տեղական արտադրողների համար զարգացման պատուհան է, իսկ առևտրի խթանումը՝ բարեկեցության աղբյուր մեր քաղաքացիների համար։
Ու չնայած Եվրամիության հետ քաղաքական հարաբերությունների սառեցման ու ջերմացման զիգզագին, Հայաստանի քաղաքացիների ակնկալիքները շատ ավելի կայուն են, որ կարճ կարելի է կոչել «առավել հասանելիություն»: Առավել հասանելիությունն այն է, երբ մեր երկրի ուսանողների համար եվրոպական կրթական փոխանակման ծրագրերին մասնակցելն էապես ավելի դյուրին է դառնում, երբ մեր երկրի քաղաքացիներն առավելագույն պարզեցված կարգով են ստանում ԵՄ անդամ պետությունների մուտքի արտոնագիր` վիզա, կամ դրա կարիքն ընդհանրապես չի լինում։
Առավել մեծ հասանելիությունն այն է, երբ մեր երկրի երկու քաղաքներից ցերեկային ժամերին low-coast ավիաընկերությունների մատչելի չվերթեր լինեն դեպի Եվրոպա։ Այն է, երբ շատ ավելի մեծ թվով հայ զբոսաշրջիկներ կարողանան այցելել, ճանաչել, ծանոթանալ ու բացահայտել Եվրոպան, սեփական աչքերով տեսնել ու սեփական ձեռքերով շոշափել այն ու այսպես շարունակ։ Իր արտադրած ապրանքը եվրոպական գնողունակ շուկայում վաճառել ցանկացող ձեռներեցից մինչև գիտնական, ով ցանկություն ունի, օրինակ, կենսաբանական քիմիայի ոլորտում համատեղ հետազոտություն կատարել իր եվրոպացի գործընկերների հետ։ Նորից շատ պարզ, շատ տրամաբանական։ Եվ սա հնարավոր է:
Իր քաղաքացիների պահանջարկին համահունչ, Հայաստանի հավաքական ակնկալիքներն էլ խիստ որոշակի են: Մենք, իհարկե, զարգացնում ենք ԵՄ հետ մեր առևտրատնտեսական հարաբերությունները, օգտվում ենք GSP+ առևտրային համակարգից: Սակայն «ավելի մոտ եվրոպա» պատկերացման ճանապարհին մենք կարող ենք ակնկալել ԵԱՏՄ շուկայով անխուսափելիորեն հետաքրքրված Եվրոպական հսկա կորպորացիաների արտադրական ցիկլերի հիմնում հենց Հայաստանում` սկսած, ասենք, իտալական «Ֆիատից», գերմանական «Սիմենսից» մինչև Ֆրանսիական արդյունաբերական հսկաներ և այսպես շարունակ: «Ավելի մոտ եվրոպա» պատկերացման ճանապարհին մենք կարող ենք ակնկալել նաև, օրինակ, ԵՄ ուղղակի և վճռորոշ դերակատարությունը Երևան-Թբիլիսի գերժամանակակից ճեպընթաց կառուցելու հարցում, որը Հայաստանն ու Վրաստանը կդարձնի մեկ միասնական զբոսաշրջային տարածք Եվրոպայի համար` կտրուկ մեծացնելով այցելուների թիվը: Նորից շատ պարզ, շատ տրամաբանական։ Եվ սա հնարավոր է:
Մինչդեռ, ժամանակ առ ժամանակ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստան-ԵՄ հարաբերությունները մոլորվել են պաշտոնական ինչ-ինչ հաստատությունների միջանցքներում։ Ավելին, երբեմն այդ հարաբերությունները բերում հանգեցնում են այնպիսի նեղ, ծայրահեղական մեկնաբանության ու բովանդակության, որ արդյունքում, հայաստանյան հանրային ընկալումը ձևախեղում է եվրոպական քաղաքակրթության, եվրոպական արժեքների ողջ կոնցեպտը` տարակուսանք առաջացնելով հասարակության լայն շերտերի մոտ։
Եվրոպական խորհրդարանի վերջին ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ անդամ երկրների հանրությունների քաղաքական նախասիրություններն էակնորեն տարբերվում են, ուստի քաղաքական բոլոր միավորների հետ ամենօրյա աշխատանքը դառնում է էլ ավելի պահանջված: ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցության համար ընդգծված հրամայական է դառնում նաև հետևողական և թիրախավորված աշխատանքը և՛ կառույցի բոլոր մարմինների մակարդակով, և՛ երկրներից յուրաքանչյուրի հետ երկկողմ ձևաչափով:
Հայաստան-ԵՄ գործակցությունը պետք է մեր ընդհանուր արժեքները «թարգմանի» քաղաքացիների առօրյա պահանջների բավարարմանն ուղղված կոնկրետ արդյունքների։ Սա է ժամանակի թելադրած բանաձևը՝ արժեքները պետք է փոխակերպվեն մարդու համար շոշափելի, տեսանելի ու գնահատելի արդյունքի ու հնարավորության։
Մյուս կողմից, Եվրոպան միայն դոնոր չէ, ոչ էլ միակողմանի վերջնահասցե։ Հայաստանը ևս կարող է գրավիչ դառնալ Եվրոպային. դա ոչ միայն քրիստոնեական ինքնությունն է կամ եվրոպացի զբոսաշրջիկների աճող թիվը։ Դա նաև մեր արտադրած ապրանքներն են, մեր ստեղծագործ մարդկային ռեսուրսն է, ինովացիոն մտածողությունը։
Այդ իմաստով երկար ձգվող քաղաքական երկխոսությունը պետք է խոսքից ու փաստաթղթերից անցնի որոշումների և արդյունքների։ Հակառակ դեպքում, եվրոպական պատուհանը դառնում է եվրոպական երազ՝ հեռու և անհաս։ Չպետք է թույլատրել, որ վտանգվի Հայաստանի եվրոպական օրակարգը, որովհետև այն կեղծ չէ, քաղաքական բառախաղ կամ պատեհապաշտություն չէ։ Այն ազնիվ ու առողջ մղում է։ Հետևաբար, ավելի հասանելի Եվրոպան մեր գիտակից ընտրությունն է, որը կարող է փոխշահավետ լինել։ Ու դա հնարավոր է։
Հայաստանին ու Եվրոպային միավորողն առաջին հերթին ընդհանուր արժեքներն են: Հայաստանը, Արցախն ու համայն հայ ժողովուրդը եղել են և կան եվրոպական քաղաքակրթության անքակտելի մասը: Նաև՝ Քրիստոնեական աշխարհի արևելյան սահմանը:
Մեր ուղին քաղաքակրթական է, որի մեջ առկա է և՛ հյուսիսը, և՛ արևմուտքը: Եվրոպական արժեհամակարգ ասելով` մենք հիմնականում ընկալել և ընկալում ենք թե՛ արևմուտքը, թե՛ հյուսիսը։ Եվ դա պատմականորեն է այդպես։ Իսկ եվրոպական արժեհամակարգային շատ տարրեր Հայաստանում վերահաստատվել են հենց հյուսիսի խողովակով և սա անքննելի ճշմարտություն է։ Մեզ համար շատ կարևոր է, որ արևմուտքի և հյուսիսի միջև գոյություն ունեցող պայմանական բաժանարար գծերը հնարավորինս շուտ վերանան կամ առնվազն` նվազագույնի հասնեն:
Այսօր մենք Եվրոպայում ու Եվրոպայի կյանքում նոր դեր չենք փնտրում, մենք պետք է վերաարժևորենք մեր դերը՝ որպես եվրոպական քաղաքակրթության ու արժեհամակարգի կայուն սյուներից մեկը: Ե՛վ մեր, և՛ մեր գործընկերների համար պետք է միանշանակ լինի. մեր անվտանգությունն անսակարկելի է, իսկ արժեքները՝ եղել և մնում են մեր հարատև ընթացքի անբաժան մասը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին