Տիգրան Կարապետյան. Քննելու ենք ապրիլյանի հետ կապված հասարակությանը հուզող բոլոր հարցերը
Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն այսօր ժամը 15։00-ին նիստ կգումարի, օրակարգը կհաստատվի հենց նիստի ժամանակ։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը։
«Քննելու ենք ապրիլյան պատերազմի հետ կապված հասարակությանը հուզող բոլոր հարցերը»,–հայտնեց նա։
Հարցին՝ քանի որ ապրիլյան պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը Սերժ Սարգսյանն էր, հնարավո՞ր է անհրաժեշտություն լինի նրան հրավիրել հանձնաժողովի նիստին, Տ. Կարապետյանն ասաց. «Որևէ անձի հրավիրելու կաշկանդվածություն չունենք, անկախ նրանից ներկա, թե նախկին, քննելու ենք ամբողջ գործընթացը, եթե անհրաժեշտություն առաջանա Սերժ Սարգսյանին հրավիրել, կհրավիրենք»։
«Իմ քայլից» պատգամավորն ասաց, որ քննիչ հանձնաժողովն իր աշխատանքները կսկսի, աշխատանքի ընթացքում անհրաժեշտություն կառաջանա լսել այս կամ այն պաշտոնյային, այդ թվում նաև Արցախի Հանրապետությունից, որևէ կաշկանդվածություն չի լինելու հրավիրելու հարցում։ Նա նշեց, որ եթե քննիչ հանձնաժողովը հրավիրում է, պարտավոր են ներկայանալ, չեն կարող հրաժարվել։
«Կարծում եմ՝ Արցախի Հանրապետության մեր գործընկերները ևս շահագրգռված են ապրիլյան հետ կապված բոլոր հարցերի պատասխանները ստանալ։
Մենք բոլորս միասին պետք է բացահայտենք ապրիլյանի հետ կապված հասարակությանը հուզող բոլոր հարցերը»,- ասաց Տ. Կարապետյանը։
Նրա խոսքով, հարցերը հնչում են այնպես, թե իրենք միայն պատժիչ գործողություններ են նախաձեռնել. «Ապրիլյանի ժամանակ եղել են բազմաթիվ հերոսական էջեր, հերոսություններ, մարդիկ, որոնք մինչև օրս գնահատված չեն։ Այստեղ չկա պատժիչ գործողություն, քննվելու է ապրիլյանի ողջ գործընթացը, ինչ եղավ, ինչից եղավ, որոնք էին պատճառները, հնարավոր էր արդյոք կանխել, անել հետևություններ, ինչ պետք է անենք, որպեսզի չունենանք ապրիլյանի կրկնություն»։
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյան պատերազմի հետ կապված կան որոշ մտահոգություններ, որոնք պետք է ստուգենք. Ալեն Սիմոնյան
- Բակո Սահակյանը՝ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին