Ի՞նչ է անելու Փաշինյանն առանց Քոչարյանի ու ՀՀԿ-ի. Փաստ
Սուրեն Սուրենյանցը «Փաստ»-ում գրում է. «Ինչքա՞ն է Հայաստանի գործող վարչապետի իրական վարկանիշը: Այս հարցի պատասխանը թերևս որևէ մեկը հստակ չի կարող տալ, ու հրապարակավ հնչած կարծիքներն ավելի շատ մանիպուլյատիվ են ու հնչում են քարոզչական նպատակներով:
Օրինակ' երբ վարչապետի մամուլի խոսնակն ասում է, թե Փաշինյանի վարկանիշն ավելի բարձր է, քան խորհրդարանական ընտրությունների ժամանակ, մեղմ ասած, իրականությունը պատկերում է «վարդագույն» երանգներով: Ու ճիշտ հպկառակը' երբ խոսում են Փաշինյանի հանրային աջակցության իսպառ բացակայության մասին, էլի, մեղմ ասած, անկեղծ չեն :
Սրանով հանդերձ' դժվար է ստույգ որոշել, թե իրական ինչ վարկանիշ ունի Նիկոլ Փաշինյանը, որովհետև խորհրդարանական ընտրությունների, առավել ևս' հեղափոխության օրերի համեմատ իրավիճակ էխլոխվել: Խնդիրը միայն այն չէ, որ նույնիսկ հեղափոխությունից հետո Հայաստանում չի ձևավորվել արժանահավատ սոցիոլոգիա: Ավելի խորքային է այն հարցը, որ հնարավոր չէ պարզել, թե իրականում ինչ բաղադրիչներից է բաղկացած Փաշինյանի հանրային վստահության ցուցիչը, արդյոք հասարակության այդ սեգմենտը վստահում է նրան, թե դեռևս հակակրանք, նույնիսկ ատելություն ունի նախկին համակարգը խորհրդանշող գործիչների նկատմամբ: Թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել հենց նախկին համակարգի մերժման հիմքով, ու բնավ պատահական չէ, որ տասնյակ հազարավոր մարդիկ միավորվեցին ոչ թե ռացիոնալ գաղափարի շուրջ, այլ «մերժիր Սերժին» կարգախոսի առանցքով: Ամբողջ խնդիրն այն է, որ հեղափոխության հաղթանակից հետո իշխանությունը պետք է փորձեր գտնել ռացիոնալ գաղափարներ, հասարակությանը կոնսոլիդացնող պոզիտիվ գաղափարներ:
Ի՞նչ գաղափար է ասոցացվում նոր իշխանության, վարչապետի անվան հետ: Անցած մեկ տարվա ընթացքում դժվար է մտաբերել կոնկրետ բարեփոխում, հայեցակարգ կամ իրադարձություն, որը կարող է ասոցացվել հեղափոխության թիմի հետ: Չի լավացել նաև մարդկանց կյանքի որակը, ու մնում է ենթադրել, որ Փաշինյանն ու իր թիմն իրենց բարձր վարկանիշի համար պարտական են Ռոբերտ Քոչարյանին ու ՀՀԿ-ին, քանի որ «թեման» անընդհատ թեժ են պահում հենց նրանց շուրջ: Պատահական չէ, իշխանությունն ընտրել է քաղաքական դաշտը «սևերի» ու «սպիտակների» տեսակավորելու պրիմիտիվ մարտավարությունը, ինչը հանգեցնում է նրան, որ իշխանությունը հասարակությանը պարբերաբար վախեցնում է «նախկինների» «բոբո» կերպարով' այդ կերպ ապահովելով կոնսոլիդացիան իր շուրջ:
Սակայն այս մարտավարությունը չի կարող երկարաժամկետ էֆեկտ ունենալու իշխանությանը բերելու է սոսկ անցողիկ դիվիդենտներ: Ի վերջո' ժամանակի ընթացքում «թշնամի նշանակելու» գործոնն այլևս «տաք» չի լինելու ու հասարակության համար կորցնելու է իր արդիականությունը: Այդպես է եղել բոլոր ժամանակներում ու բոլոր հեղափոխությունների պարագայում: Դրանից հետո ՆիկոլՓաշինյանն ու նրա թիմը մենակ են մնալու հասարակության հետ' հարկադրված լինելով պատասխան տալ նրա բազմաթիվ հարցերին ու նաև առերեսվելով ժողովրդի ավելի արմատական' լյումպեն զանգվածի հետ, որն այսօր «գաղափարապես» սնվում է իշխանության մատուցած «սևից» ու «սպիտակից» վաղը «սևով» ներկելով հենց այսօրվա իր կուռքերին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա