2018-ի ընթացքում միայն անհատական բողոքների թիվն աճել է կրկնակիից ավելի. Թաթոյան
Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց «2018 թվականի ընթացքում ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ 2018-ի ընթացքում միայն անհատական բողոքների թիվն աճել է կրկնակիից ավելի՝ կազմելով շուրջ 11 հազար։
«Ըստ ամիսների, բողոքների թիվն առավել շատ է: Օրինակ՝ 2018-ի հուլիսի բողոքների թիվը դրա նախորդ տարվա նույն ժամանակի թվի համեմատ եղել է 10 անգամով ավելի: Աճում է նաև ՄԻՊ-ի աշխատանքի արդյունավետությունը: Նախորդ տարիների թվական պատկերը վկայում է, որ 5 անգամ աճել է դրական ելքով անհատական բողոքների թիվը։ Կրկնակիից ավելի աճել են այցերը ազատությունից զրկման վայրեր, քրեակատարողական հիմնարկներ ու ոստիկանության բաժիններ, իսկ առանձին հաստատությունների դեպքում ցուցանիշներն առավել բարձր են»,- ասաց Թաթոյանը։
«Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը օմբուդսմեն Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե իրենց ուղղված դիմում-բողոքները հիմնականում ինչ բնույթի են։
«Դրանք հիմնականում ուղղված են ազատությունից զրկելուն առնչվող հարցերին, փակ հաստատություններին առնչվող բողոքներին և դատական իշխանության դեմ ուղղված բողոնքներին առհասարակ»,- պատասխանեց Թաթոյանը։