Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»
ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը չի ներկայացել այսօրվա դատական նիստին քրեակատարողական հիմնարկի անօրինականությանների պատճառով։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստին հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
Նա հայտնեց, որ Մ. Գրիգորյանը բուժում էր ստանում «Նաիրի» ԲԿ–ում, ասել էին, որ կարող են տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց, թեև նա դեմ է եղել։
«Մանվել Գրիգորյանը օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հրաժարվել է տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց, ինչից հետո տեղափոխել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։ Սակայն մի քանի ժամ անց Գրիգորյանին, իր կամքին հակառակ, տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց»,- ասաց Լ. Բարսեղյանը։
Փաստաբանն ընդգծեց, որ Մ. Գրիգորյանն անօրինական է գտնվում այնտեղ և նրա կյանքին վտանգ է սպառնում։
Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ բանավոր կարգով տեղեկացրել են դատարանին, որ Մանվել Գրիգորյանի վատառողջ լինելու պատճառաբանությամբ չի ներկայացել, բայց դատարանը գրավոր փաստաթուղթ չի ստացել։ Դատարանը որոշեց դատական նիստն ընդմիջել՝ մինչև դատարանին ներկայացվի փաստաթուղթ նրա բացակայության վերաբերյալ։
Ընդմիջումից հետո ներկայացվեց փաստաթղթեր, նաև Մանվել Գրիգորյանի դիմումը։ Նա գրել է, որ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, առողջական վիճակից ելնելով չի կարող ներկայանալ նիստին։ ՔԿՀ-ի բժիշկներն էլ գրել են, որ Մ. Գրիգորյանը տեղափոխման ենթակա չէ։ Քանի որ նա նիստին չէր կարող մասնակցել, այն հեռաձգվեց։
Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 11-ին։
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։
Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի գործով դատավարության տեսանկարահանումն արգելվեց
- Մանվել Գրիգորյանի կին. Հերոսը չի սողում
- Դատախազ. Ասում են Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակում է, բայց շատ առողջ մարդու նման դուրս եկավ ՔԿՀ-ից (ավելացված)
- Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը՝ մայիսի 2-ին
- Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի
- Փաստաբան. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ ծանր է
- Մանվել Գրիգորյանի գործով ՄԻԵԴ-ը մերժել է միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը