Մնացականյան. Հայաստանին ու Կիպրոսին միավորում են քաղաքակրթական ամուր կապեր
Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսին:
ԱԳՆ մամուլի և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան` ընդգծելով, որ պարբերաբար տեղի ունեցող փոխայցելությունները և հանդիպումները նոր լիցք են հաղորդում հայ-կիպրական բազմաոլորտ համագործակցությանը և քաղաքական օրակարգի խթանմանը:
«Մեզ միավորում են քաղաքակրթական ամուր կապեր, որոնց հիմքում մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն է: Մեր պարտավորությունն է գործնական քայլեր ձեռնարկել մեր երկու երկրների միջև առկա հարաբերություններն առավել զարգացնելու և նշանակալիորեն առավել բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ», - նշել է ԱԳ նախարար Մնացականյանը:
Որպես համագործակցության կարևոր ուղղություններ զրուցակիցներն ի թիվս այլոց առանձնացրել են զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, էներգետիկ անվտանգության ոլորտները, որտեղ առկա են համագործակցության ընդլայնման հեռանկարներ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ եռակողմ՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափում:
Ընդգծելով Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության խորհրդարանական հարթակի ձևավորման կարևորությունը՝ կողմերը հույս են հայտնել, որ այն կարող է անհրաժեշտ շրջանակ ապահովել գործնական համագործակցության արդյունավետ զարգացման համար: Այս առնչությամբ զրուցակիցները գոհունակությամբ նշել են միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում ձևավորված սերտ համագործակցությունը, մասնավորապես ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման շուրջ գործադրվող համատեղ ջանքերը:
Անդրադարձ կատարելով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և կարևորել այդ համաձայնագրի շրջանակներում Կիպրոսի հետ համագործակցության հնարավորությունները:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ: