ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն անում են ամեն ինչ, որ բացահայտեն Մարտի 1-ի գործն ամբողջությամբ. Արթուր Վանեցյան
Հավաստիացնում եմ, որ ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն, միմյանց հետ համագործակցելով, անում են ամեն ինչ, որ բացահայտեն Մարտի 1-ի գործն ամբողջությամբ։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալությանը՝ ԱԱԾ տնօրենը նշեց, որ քրգործը Հատուկ քննչական ծառայության վարույթում է, ՀՔԾ-ն երեկ տարածել է համապատասխան հաղորդագրություն, որից առավել բան ասել չի կարող։
Հարցին, թե եղած տեղեկատվությունով հնարավո՞ր է մարտի 1-ի բոլոր սպանությունների հեղինակներին բացահայտել, Արթուր Վանեցյանն ասաց, որ ինքը կանխատեսումներով չի կարող զբաղվել, կլինեն փաստեր ու բացահայտումներ, որի մասին կտեղեկացնեն։
Լրագրողները նաև հարցրեցին՝ ԱԱԾ-ից անհետացած նյութերն արդյոք վերաբերու՞մ են Մարտի 1-ին ու դրա վերաբերյալ քրեական գործ հարուցվե՞լ է, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Քրեական գործ չի հարուցվել, քանի որ դա յուրահատկություններ պարունակող գործ է, որը պետք է ամբողջությամբ բացահայտվի, որպեսզի որևէ կասկած որևէ մեկի մոտ չմնա, որ մենք փորձել ենք կոծկել այդ փաստաթղթերի անհետացումը կամ այդ փաստաթղթերի անհետացման հետ կապված ինչ-ինչ գործեր չեն բացահայտվի»։
Արթուր Վանեցյանի խոսքով՝ շատ մեծ ծավալի աշխատանք է տարվում ԱԱԾ տեսչական և ներքին անվտանգության վարչության կողմից և, կարծում է, որ առաջիկայում այն կավարտվի ու կփոխանցվի քննչական մարմին։
Դիտարկմանը՝ անհետացած փաստաթղթերը կապ ունե՞ն Մարտի 1-ի գործի հետ, ԱԱԾ տնօրենն ասաց, որ չի կարող այդ հարցին պատասխանել, բայց տեղյակ է, թե դրանք ինչ փաստաթղթեր են։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները