Անդրանիկ Քոչարյան. Աղվան Հովսեփյանը նույնպես պետք է բացատրություններ տա, եթե չի տվել
«Մարտի» 1-ի սպանությունների մասով ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ենթադրությամբ պետք է սպասել նոր բացահայտումների։
«Նախաքննական մարմինը ցույց տվեց, որ ինքը հետևողական մեծ ծավալի աշխատանք է կատարում: Եվ այդ աշխատանքի արդյունքում կունենանք ոչ միայն քաղաքական պատվերների ընդհանրապես մեկուսացում ապագայում, այլ կունենանք նաև պրոֆեսիոնալ քննիչների այն խումբը, որն ի վիճակի են բացահայտել այն մնացած հանցագործությունները, որոնք սպասում են իրենց բացահայտման հերթին»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Խոսելով կոնկրետ «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում նախօրեին ձերբակալված ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանի մասին, Ա. Քոչարյանը նշեց, որ Գեղամ Պետրոսյանին Փաստահավաք խումբը հանդիպել է երկու անգամ, առաջին բացատրությունները չեն բավարարել, երկրորդ անգամ են կանչել. «Մեզ մոտ կասկածներ եղել են, թե զինված ապօրինի խմբավորումների, թե ապօրինի և անհամաչափ ուժերի կիրառման, թե այն կադրերի, որոնք այսօր գտնվում են նախաքննական մարմնի տրամադրության տակ»։
Ա. Քոչարյանն ասաց, որ նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նույնպես պետք է բացատրություններ տա, եթե չի տվել, թե ինչպես է նրա՝ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու պայմաններում հնարավոր եղել այդպիսի լայնածավալ գործի կոծկումները:
Խոսելով վերջերս հնչող բռնության կոչերի մասին, ասաց նշեց. «Վերջերս տեսա, թե ոնց էր կոնկրետ անձնավորությունը խոսում, որ կգտնվեն մարդիկ, որոնք ինչ-որ մարդկանց կկանգնեցնեն: Դա, ըստ էության, ոչ թե բռնության կոչ էր, այլ գործողության կոչ էր»։
Նրա խոսքով, պետք է դատապարտել ցանկացած բռնության կոչ. «Մենք Հոկտեմբերի 27 տեսած երկիր ենք, պետք է լինենք շատ ուշադիր։ Ես կարծում եմ, որ մեր իրավապահ մարմինները պետք է մամուլի հրապարակումները հիմք ընդունեն և իրականացեն օրենքով սահավա իրենց գործառույթները»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն անում են ամեն ինչ, որ բացահայտեն Մարտի 1-ի գործն ամբողջությամբ. Արթուր Վանեցյան
- Նիկոլ Փաշինյան. «Մարտի 1»-ի քննությունը տարվել է կոծկելու ուղղությամբ
- Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյան