Վրացագետ. Երևանն իր առաջին քայլն արեց, պետք է սպասել Թբիլիսիի արձագանքին
«Հայաստանն իր առաջին քայլն արել է, նախաձեռնությունը պաշտոնական Երևանինն է: Մնում է Թբիլիսում այս քայլը հասկանան»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը` անդրադառնալով ՄԱԿ-ում Վրաստանի ներքին տեղահանվածների վերաբերյալ բանաձի քվեարկությանը Հայաստանի չմասնակցելուն:
Նա համոզված է, որ այս քայլը կնպաստի ու ավելի ամուր հիմք կապահովի միջպետական հարաբերությունների հետագա զարգացման համար, դրանք զերծ կպահի երրորդ երկրների ազդեցություններից:
Փորձագետը հիշեցնում է, որ վերջին տարիներին հայ-վրացական երկկողմ հանդիպումներում անընդհատ բարձրացվում էր այն հարցը, եթե երկրները խոսում են բարիդրացիական հարաբերություններից, ապա պետք է զերծ մնան միջազգային հարթակներում միամյանց նկատմամբ ոչ բարիդրացիական քայլերից:
«Իսկ ոչ բարիդրացիական քայլերն ի վերջո մենք չենք սկսել, այն սկսվել էր հարևան Վրաստանի նախկին իշխանությունների օրոք: Անցած տարվա երկրորդ կեսից այս հարցը կրկին ակտուալ դարձավ, երբ միջկառավարական հանդիպումների ժամանակ հարց բարձրացվեց պայմանավորվել ու գալ նախկինում եղած ջենտլմենական համաձայնությանը, որ միջազգային հարթակներում, եթե ինչ-ինչ պատճառներով չկա իրար սատարելու հնարավորություն, ապա գոնե միմյանց դեմ գոնե չքվեարկենք ու չեզոքություն պահպանենք»,-մանրամասնեց Մելիքյանը:
Վրացական լրատվամիջոցներում դեռ տեղի ունեցածի վերաբերյալ ոչ պաշտոնական, ոչ էլ փորձագիտական շրջանակների արձագանքներ չկան: Մելիքյանին հատկապես հետաքրքրում է փորձագետների կարծիքը:
«Սա շատ կարևոր է հատկապես ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվության առումով: Ադրբեջանցիներն այդ հարցն անընդհատ բարձրացնում էին իրենց հոդվածներում, ելույթներում: Նրանք անընդհատ ասում էին, տեսեք Հայաստանը նույնիսկ չի հարգում ձեր փախստականների իրավունքները»,-ասաց Մելիքյանը:
Վրացագետն ընդգծում է, ինֆորմացիան այս դարում ուժ է, պետք է կարողանալ դա ճիշտ օգտագործել ու դիվիդենտներ շահել:
«Շատ կարևոր է, որ այս լուրջ քայլը տեղի ունեցավ միջկառավարական հանձնաժողովի նիստի, հայ-վրացական բիզնես ֆորումի աշխատանքների նախօրեին: Սա ուղերձ էր` ցույց տալու, թե Երևանն ինչքան է կարևորում հայ-վրացական հարաբերությունները: Ակնկալիք ունենք, որ այս ամենը կլինի փոխադարձ: Սպասենք և տեսնենք, թե ինչպես է մեր բարեկամ երկիրն արձագանքում և իր հերթին ինչ քայլերի կդիմի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը նախօրեին՝ հունիսի 4-ին ընդունել է բանաձև, որով ճանաչում է Վրաստանի ներքին տեղահանված անձանց իրավունքը՝ վերադառնալ իրենց բնակավայրեր ողջ երկրով, ներառյալ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի տարածքում։ Բանաձն ընդգծում է այս անձանց գույքային իրավունքների հարգման անհրաժեշտությունն ու Վրաստանի հակամարտության ազդեցության բոլոր բնակավայրերում մարդասիրական անխոչընդոտ հասանելիության կարևորությունը։
Ինչպես տեղեկանում ենք ՄԱԿ-ի կայքից, բանաձևին կողմ է քվեարկել 79 երկիր, 15-ը եղել է դեմ, 57-ն էլ ձեռնպահ։ Հայաստանը չի մասնակցել այս բանաձևի քվեարկությանը, որը Վեհաժողովում քվեարկվում է 2008թ․-ից ամեն տարի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին