Երաժշտությունը վերածննդի շատ լավ խորհրդանիշ դարձավ. Իէն Գիլան
Rock Aid Armenia բարեգործական ծրագիրը նշում է 30-ամյակը, ինչի առիթով այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում հանդիավոր միջոցառում է կազմակերպված։ Տոնական միջոցառմանը կմասնակցեն Ռոք երաժշտության լեգենդները՝ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը և Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին։
Տոնակատարության կազմակերպիչներն են «Մեդիամաքս» մեդիա ընկերությունը և DoSomething կազմակերպությունը (Ավստրալիա), որի համահիմնադիր Ջոն Դին 1989 թվականին նախաձեռնել էր Rock Aid Armenia ծրագիրը՝ Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով:
«Հավատս չի գալիս, որ արդեն մեր նախաձեռնության 30 տարին է լրանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դին՝ վերհիշելով թե ինչպես 30 տարի առաջ մեկնարկեց իրենց նախաձեռնությունը։
Նա տեղեկացրեց, որ բացի այսօրվա միջոցառումից՝ հաջորդ ամիս, իրենք կթողարկեն նոր վեբ-կայք, որտեղ կներբեռնեն մինչ օրս չհրապարակված ձայներիզներ և տեսահոլովակներ: Աշխարհով մեկ կվերաթողարկվի «Smoke On The Water» երգը, և հասույթը կուղղվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցը գործիքներով համալրելուն: Կթողարկեն նաև մի նոր ալբոմ, որը կպարունակի ոչ թե ռոք, այլ հայկական երաժշտություն։
«Երբ ես առաջին անգամ ոտք դրեցի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց, շենքի ներսում ձյուն էր գալիս: Ուսուցիչները խիզախորեն փորձում էին երեխաներին ինչ-որ բան սովորեցնել հնամաշ և կոտրտված երաժշտական գործիքներով»,- լրագրողների հետ հանդիպմանը իր հիշողություններով ու տպավորություններով կիսվեց Իէն Գիլանը:
Նա նշեց, որ այժմ այդ նույն դպրոցում ուսուցիչները դասավանդում են տաք դասասենյակներում ու սարքին գործիքներով։
«Դեռ այն ժամանակ մենք համարեցինք, որ երաժշտությունը երևի լավագույն միջոցը կլինի վերակենդանացնելու աղետի գոտին և այդես էլ եղավ։ Մենք միացանք Գյումրում երաժշտական դպրոցի վերակառուցման աշխատանքներին և երաժշտությունը վերածննդի շատ լավ խորհրդանիշ դարձավ»,- ասաց Իէն Գիլանը:
Հանդիպմանը ներկա Թոմի Այոմին էլ հայտնեց, որ այսօրվա երեկոյի ընթացքում կպարգևատրի նախորդ ամիս անցկացված Iommi Gibson Mediamax մրցույթի հաղթողին՝ իր կողմից ստորագրված «Gibson SG Standard 2019 Ebony» կիթառով