Թուրք սյունակագիրը ներկայացրել է մի դրվագ Օջալանի դատավարությունից՝ նրա հայ լինելու հարցադրման մասին
Թուրքական «Յենիչաղ գազեթեսի» կայքի սյունակագիր Արսլան Թեքինն իր հոդվածներից մեկում անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանի հայ լինելու վերաբերյալ պնդումներին։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Հիշեցնելով, որ 20 տարի առաջ՝ 1999 թվականի հունիս ամսին ընթանում էր Օջալանի դատավարությունը՝ թուրք հոդվածագիրը ներկայացրել է մի դրվագ այդ դատավարությունից։
PKK-ի գործողությունների արդյունքում սպանված թուրք զինվորների շահերը պաշտպանող և դատարանում որպես մեղադրող կողմ հանդես եկող փաստաբան Ֆուաթ Թուրգութը բազմաթիվ հարցեր տալուց հետո վերջին մի հարց է ուղղել Օջալանին՝ հարցնելով, թե արդյոք ճի՞շտ է, որ նրա հայրը հայ է։
Նիստը նախագահող դատավոր Մեհմեթ Թուրգութ Օքյայը հակադարձել է փաստաբանին՝ նշելով, որ մարդու ազգային պատկանելիությունը կարևոր չէ, մարդկությունն է կարևոր։ Դատավորը հրաժարվել է այդ հարցը Օջալանին ուղղել, սակայն վերջինս ոտքի է կանգնել որպեսզի պատասխանի նրան։
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիրը սկսել է նրանից, որ իր մայրը թուրքական ծագում ունի՝ թուրքմեն է, իրենց հարևան գյուղից։ Սակայն դատավորը ընդհատել է նրան՝ թույլ չտալով ավարտել խոսքը։
Այդպես էլ Օջալանը չի հասցրել իր հոր ծագման մասին խոսել։ Սակայն հոդվածագիրը նշում է, որ մեկ այլ լրագրող այլ առիթով Օջալանին նույն հարցը ուղղել է, որին ի պատասխան քուրդ առաջնորդն ասել է, որ իր հայրը հայ չէ, բայց հայերի հետ լավ հարաբերությունների մեջ է եղել։ Փոխարենը նա ակնարկել է թուրք ազգայնականների առաջնորդ Արփարսլան Թուրքեշի հայ լինելու մասին՝ նշելով, որ նա Հայաստանի նախագահի հետ հանդիպած առաջին թուրք առաջնորդն է եղել։