ԱԱԾ-ն Աբովյանում բացահայտել է կաշառք ստանալու, կեղծ փաստաթղթեր պատրաստելու, օգտագործելու դեպքեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, կոռուպցիայի հակազդմանն ուղղված օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացման շրջանակներում, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչից՝ վերջինիս օգտին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարելու համար խոշոր չափերով կաշառք ստանալու, տեղական ինքնակառավարման մարմնի և առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու հերթական դեպքեր:
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ հաստատված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի անշարժ գույքի գործարքների համակարգող աշխատակիցը Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գործող, նախկինում ինքնակամ կառուցված հյուրանոցին կից 7175.83 քառակուսի մետր մակերեսով հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով տնտեսվարող սուբյեկտին օտարելու համար, գործարքի հետ կապված փաստաթղթերի փաթեթում ներառել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ, իսկ չափագրումներ իրականացնող առևտրային կազմակերպության ծառայողի կողմից կազմվել պաշտոնեական կեղծ փաստաթղթեր։
Դրանց օգտագործմամբ Աբովյանի համայնքապետարանի մի շարք պաշտոնատար անձինք՝ խմբային շահերից ելնելով, չարաշահել են պաշտոնեական լիազորությունները և ծառայության շահերին հակառակ չկատարելով ծառայողական պարտականությունները՝ չեն պահպանել ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման պահանջները, որի հետևանքով Աբովյան համայնքի ավագանու 2019թ. ապրիլի 30-ի որոշմամբ հիշյալ հողամասն օտարվել է, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ՝ համայնքի բյուջեին հասցնելով մոտ 39.000.000 ՀՀ դրամի չափով նյութական վնաս:
Բացի դրանից, պարզվել է, որ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում նախկինում ինքնակամ կառուցված և նույն տնտեսվարող սուբյեկտի կողմից որպես սգո սրահ շահագործվող շինությունը վարձակալությամբ տրամադրելու եղանակով օրինականացնելու հարցը լուծելու նպատակով, նշված ոլորտը համակարգող հիշյալ աշխատակցի միջոցով, ձեռնարկատերից որպես կաշառք պահանջել և ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների վերահսկողության ներքո՝ 28.02.2019թ. աշխատասենյակում ստացել են 719.355 ՀՀ դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար, որից հետո՝ 2019թ. մայիսի 8-ին համայնքի ավագանու կողմից կայացվել է համապատասխան որոշում:
Առերևույթ կատարված հանցադեպերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի հունիսի 6-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով։
Գործով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում նշված բնագավառում բոլոր կոռուպցիոն բնույթի հանցադեպերը բացահայտելու և դրանց առնչակից անձանց պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին