Նման դեպքերը հաճախակի են դառնում հենց Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում. հայտարարություն
Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հայտարարություն է տարածել նախօրեին Ախալքալաում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.
«Ախալքալաքում հունիսի 6-ին տեղի հայ բնակիչների և ազգությամբ վրացի պարեկային ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ոստիկանները ցուցաբերել են առանձնակի դաժանություն, առաջին դեպքը չէ Ջավախքում։ Ականատեսների վկայությունները, առկա տեսանյութերը խոսում են այն մասին, որ դիմադրություն ցույց չտվող և անզեն բնակչի նկատմամբ զինված և մեծաթիվ ոստիկանները կիրառել են բռնություն։ Վերջիններս, բոլորովին հաշվի չառնելով այն հանգամանքը, որ դեպքի վայրում եղել են տուժողի ընտանիքի անդամները, կանայք և երեխաները, Ախալքալաքի բնակիչ Մեխակ Խաչատրյանին գետնին են տապալել և ստորացուցիչ մեթոդներով ծեծի ենթարկել։
Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը փաստում է, որ այս երևույթը լրացուցիչ լարվածություն է ծնում առանց այն էլ բազմաթիվ խնդիրների առաջ կանգնած ջավախահայության շրջանում։ Չհաստատելով, որ այս երևույթն ունի ուղղորդված բնույթ, այդուհանդերձ, Խորհուրդը փաստում է, որ նման դեպքերը հաճախակի են դառնում հենց Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում։
Ելնելով վերոնշյալից՝ հայկական կազմակերպությունների խորհուրդը կոչ է անում Վրաստանի իշխանություններին և երկրի իրավապահ մարմիններին՝ ցուցաբերել առանձնակի զսպվածություն, հասարակ ազգաբնակչության հանդեպ բացառել անհամաչափ ուժի և այլ ստորացուցիչ մեթոդների կիրարկման այսպիսի դեպքերը, որոնք կարող են շեշտակի մեծացնել լարվածությունը հայաբնակ տարածաշրջանում, հասարակության շրջանում խորացնել անվստահությունը երկրի իշխանությունների և իրավապահ մարմինների հանդեպ, ինչպես նաև սպառնալ երկրի կայունությանը»։