Ախալքալաքում ոստիկանները ծեծել են քաղաքացիներին
Բազմաթիվ ախալքալաքցիներ սոցիալական ցանցերում տարածում են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես ոստիկանության ծառայողները հարվածներ հասցնելով ծեծում են մի քանի քաղաքացու։ Քաղաքացիներից մեկը վատացել է և բարձր ճնշումով նրան տեղափոխել են հիվանդանոց։ Կադրերում երևում է, թե ինչպես պարեկային ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ գործադրելով քաղաքացուն դուրս են բերում մեքենայից։ Մեկ ուրիշ կադրում կինը պատմում է, թե ինչպես իր 14 տարեկան զավակին ծեծում էին ոստիկանության ծառայողները։ Կադրում երևում է թե ինչպես ոստիկանը ոտքով հարվածում է երեխային։
javakhkmedia.com-ը գրում է, որ ականատեսների խոսքերով, միջադեպը տեղի է ունեցել, երբ պարեկային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են վարորդի, որից հետո կատարվածով հետաքրքրվելու համար կանգնել է ճանապարհով անցնող «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդ, ով և հետաքրքրվել է կատարվածով։ Ոստիկանները նրան հորդորել են շարունակել ճանապարհը, ինչին նա չի ենթարկվել և նրան բռնի ուժ գործադրելով դուրս են բերել մեքենայից։
Կատարվածի շուրջ հայտարարություն է տարածել ներքին գործերի նախարարությունը, որու, ասված է. «Վարորդին վարչական կարգով տուգանելու պահին մի քանի տեղի բնակիչ վարորդին աջակցելու նպատակով դիմադրություն է ցուցաբերել պարեկային ոստիկանության աշխատակիցներին: Նրանք սկզբում վիրավորական խոսքերով են դիմել իրավապահներին, իսկ այնուհետև ցուցաբերել ֆիզիկական դիմադրություն: Ոստիկանությանը դիմադրելու (ՔՕ-ի 173-րդ հոդված) և մանր խուլիգանության համար (166-րդ հոդված) ոստիկանությունն Ախալքալաքում վարչական կարգով ձերբակալել է երկու քաղաքացու: Ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության բաժին»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում:
Սակայն նույն հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա սոցիալական ցանցերում տարածված կադրերի վերաբերյալ, որոնց մեջ երևում է, թե ինչպես է ոստիկանը ոտքով հարվածում երեխային։
jnews.ge-ն գրում է, որ Վրաստանի ՆԳՆ-ի հաղորդմամբ, ձերբակալվածներին քաղաքից չհեռանալու ստորագրությամբ ազատ են արձակել: