Գեղամ Պետրոսյանը կալանավորվել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը երեկ «Մարտի 1»-ին Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալված ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Panorama.am-ը տեղեկացավ Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունից հայտնել էին. «2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը: Նախաքննությունը շարունակվում է»:
Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին կետը սահմանում է. «Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
- Քննիչը Գեղամ Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
- Անդրանիկ Քոչարյան. Աղվան Հովսեփյանը նույնպես պետք է բացատրություններ տա, եթե չի տվել
- Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյան