«Իմ քայլում» Արտակ Զեյնալյանի հետ կապված որոշակի մտահոգություններ և անհանգստություններ հնչել են
«Արդարադատության նախարարության և պարոն Զեյնալյանի հետ կապված խմբակցությունում որոշակի մտահոգություններ և անհանգստություններ հնչել են»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին։
Հարցին, թե ինչի՞ հետ են կապված եղել այդ մտահոգությունները, նա պատասխանեց. «Առանձին աշխատանքների, դատաիրավական համակարգում բարեփոխումների հետ կապված։
Մենք հարցը քննարկել ենք խմբակցության նիստերից մեկի ժամանակ։ Ոչ թե քննարկել ենք, այլ հնչել է այսպես ասած մտահոգություն, հատկապես այն լայնածավալ անվստահության ակցիայից հետո, որը տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիների կողմից, այս համատեքստում հնչել էին այդ մտահոգությունները»։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասաց, որ իրենց այդ մտահոգությունները գործադիրից որևէ մեկին չեն ներկայացրել։
Հարցին, թե արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ արդարադատության նախարարի պաշտոնում հնարավոր է նշանակվի «Իմ քայլը» խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանը, Լ. Մակունցն ասաց. «Իմ ունեցած տեղեկություններով, դա իրականությանը չի համապատասխանում»։