Տուժած ախալքալաքցիները կարող են դիմել նաև Հայաստանի ՄԻՊ-ին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել գործընկերոջ՝ Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ՝ կապված Ախալքալաքում հայերի մասնակցությամբ երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
«Գործընկերս ինձ տեղեկացրեց, որ միջադեպի հետ կապված հանգամանքներն առաջին իսկ պահից եղել են իր անմիջական ուշադրության ներքո։ Նա իր հատուկ ներկայացուցչին է ուղարկել Ոստիկանության բաժին, ապա հիվանդանոց։ Մեկ անձ գրեթե անմիջապես ազատ է արձակվել, մյուսը բուժում է ստանում հիվանդանոցում, որի պատճառով հնարավոր չի եղել առանձնազրույց ունենալ նրա հետ:
Տիկին Լոմջարիան նշեց, որ կշարունակի ուշադրության ներքո պահել հարցը:
Պայմանավորվեցինք, որ որևէ խնդրի դեպքում մեր հայրենակիցները կարող են դիմել ինչպես Վրաստանի հանրային պաշտպանին, այնպես էլ ինձ:
Բարձր եմ գնահատում Վրաստանի իմ գործընկերոջ պատրաստակամությունը, նրա հետ համատեղ աշխատանքս ու շնորհակալ եմ արագ արձագանքի համար»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ բազմաթիվ ախալքալաքցիներ սոցիալական ցանցերում տարածում էին տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես ոստիկանության ծառայողները հարվածներ հասցնելով ծեծում են մի քանի քաղաքացու։
Քաղաքացիներից մեկը վատացել է և բարձր ճնշումով նրան տեղափոխել են հիվանդանոց։ Կադրերում երևում է, թե ինչպես պարեկային ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ գործադրելով քաղաքացուն դուրս են բերում մեքենայից։
Մեկ ուրիշ կադրում կինը պատմում է, թե ինչպես իր 14 տարեկան զավակին ծեծում էին ոստիկանության ծառայողները։ Կադրում երևում է թե ինչպես ոստիկանը ոտքով հարվածում է երեխային։
Հարակից հրապարակումներ`
- Նման դեպքերը հաճախակի են դառնում հենց Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում. հայտարարություն
- Ախալքալաքում ոստիկանները ծեծել են քաղաքացիներին