Փաստաբան. Այս ամենը խոսում է այն մասին, որ Զեյնալյանի հրաժարականի հիմքում կան խորքային պատճառներ
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը փաստաբան Նորայր Նորիկյանի համար անսպասելի էր:
«Միայն այն հանգամանքը, որ հրաժարականը ներկայացվել է այն ժամանակ, որ վարչապետը երկրում չէ, իսկ դատաիրավական համակարգի արմատական փոփոխությունների մասին խոսակցությունները գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում, խոսում է այն մասին, որ նախարարի հրաժարականի հիմքում կան խորքային պատճառներ:
Ավելորդ է նշել արդարադատության նախարարության առաքելության կարևորության մասին:
Իմ պատկերացմամբ, այս նախարարությունը պետք է դառնա դատաիրավական համակարգի արմատական բարեփոխման դրոշակակիրը՝ ստանձնելով ողջ համակարգի փոփոխությունների հայեցակարգերի մշակման ու իրականացման պատվաբեր բեռը:
Կարիք չկա մեկ անգամ ևս ընդգծել հարկադիր կատարման, քրեակատարողական ծառայության, պրոբացիայի, սնանկության, հաշտարարության, նոտարական գործունեության, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման, իրավական փորձաքննության, միջազգային իրավական փոխօգնության, հակակոռուպցիոն և պետական ծառայությունների մատուցման ոլորտների կարևորությունը մեր հանրային կյանքում:
Իսկ վերը նշված ոլորտներում կառավարության քաղաքականությունը մշակում և իրականացնում է արդարադատության նախարարությունը:
Իսկ եթե սրան գումարենք նաև դատական իշխանության փոփոխությունների անհրաժեշտությունը, պատկերը կդառնա ամբողջական:
Ուստի այս ոլորտում պետության առջև ծառացած մարտահրավերները արժանիորեն լուծելու համար այս նախարարությունը պետք է ղեկավարի այսօրվա չափանիշներով ու արժեհամակարգով առաջնորդվող մարդը, ով ունի կամային հատկանիշներ, ներքին բավարար կամք ու վճռականություն՝ դատաիրավական ոլորտի առջև ծառացած խնդիրները հստակորեն լուծելու համար»,-գրել է Նորիկյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Իմ քայլում» Արտակ Զեյնալյանի հետ կապված որոշակի մտահոգություններ և անհանգստություններ հնչել են
- Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել
- Արտակ Զեյնալյան. Իհարկե, քաղաքական որոշում էր