Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանը
Հունիսի 6-ին, 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Մարտիրոսի Ադալյանը: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Ռուբեն Ադալյանը ծնվել է 1929 թվականին Սիմֆերոպոլում։ 1938 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Ադալյանի արվեստին բնորոշ են իրականի և երևակայականի համարձակ կերպափոխումը, դրամատիզմն ու դինամիկ լարվածությունը, բնության և մարդու ներքին հատկանիշների այլակերպումները: Նկարչի ստեղծագործությունները յուրովի միավորվում են այն նորին ու ինքնատիպին, որն ի հայտ եկավ մեր գեղարվեստում նախորդ դարի վերջերին և դարձավ խթանիչ ուժ, նպաստեց նոր ձևերի հաստատումներին: Տարբեր տարիների ներկայացրած իր ցուցահանդեսներում Ռուբեն Ադալյանը յուրովի ցույց է տվել այն էվոլյուցիան, որն ապրել է իր արվեստը, դասականից եկել դեպի ավանգարդիստականը: