Մարտի 1-ի երեկոյան ինձ հրավիրել են կառավարություն, բայց տեսնելով խառնաշփոթը հեռացել եմ. Ծառուկյան
«Ես էլ ոչ հաստատում եմ, ոչ բացառում»,- լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այն հարցին, թե արդյոք հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործով։
Նա հորդորեց այդ մասին ճշտել քննչական մարմիններից։
Դիտարկմանը, թե նախկինում ասել է՝ եթե ինքը կապ ունի «Մարտի 1»-ի հետ, ապա թող հրապարակային գնդակահարեն, այսօ՞ր էլ այդ հայտարարությունն ուժի մեջ է, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Միանշանակ։ Այսօր մեկ անգամ ևս պնդում եմ, որ այդպիսի ապացույցների դեպքում հրապարակում պետք է գնդակահարվեմ»։
Հարցին, թե Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանն ասել է՝ բավարար ապացույցներ կան, որ Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյանը սնունդ են ապահովել զինվորականներին, ԲՀԿ ղեկավարը պատասխանեց. «Եթե Մարտի 1-ին իմ մասնակցությունը սնունդով է եղել, ապա թող նորից Ծառուկյանին գնդակահարեն։ Ծառուկյանը Մարտի 1-ի հետ կապ չի ունեցել, Ծառուկյանն առաջին օրվանից ասել է՝ պետք է խումբ ստեղծվի, քննվեն, մեղավորները պետք է պատժվեն»։
ԲՀԿ ղեկավարը նշեց նաև, որ միայն 2008-ի մարտի 1-ի երեկոյան իրեն հավիրվել են կառավարություն։ «Կառավարությունից զանգ է եղել, հրավիրել են կառավարության շենք, գնացել եմ այնտեղ, պետք է հարց քննարկվեր, այնտեղ եղել եմ 25 րոպե կամ կես ժամ, և տեսնելով, որ խառնաշփոթ իրավիճակ է, թողել եմ ու գնացել։ Ոչ մեկին չեմ տեսել, ոչ մի քննարկում չի եղել ու գնացել եմ տուն»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։