Ես միայն սպիտակն եմ տեսնում, սևերը չեմ տեսնում. Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ չի քվեարկելու Հարկային օրենսգրքին։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Այդտեղ շատ խնդիրներ կան։ Կան և լավ, և վատ բաներ։ Մենք դեմ ենք համահարթեցմանը, քանի որ դա անարդարացի է։ Այսօր ժողովրդի հաշվին բյուջեի գումարն ավելացնելն անընդունելի է։ Ընդհանրապես ունենք 2 մլն դրամ աշխատավարձ ստացող 800 հոգի, այսինքն՝ նրանց համար պետք է համահարթեցում լինի՞։ Ես կխնդրեի, որ Հարկային օրենսգրքում բարեփոխումներ անողները հարցին համաշխարհային մակարդակով նայեն»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ համահարթեցման համար էլ դեմ են քվեարկելու փաթեթին։
Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ այս փոփոխությունից կտուժեն տնտեսվարողները։
Անդրադրառնալով ՀՀ վարչապետի՝ սևազգեստ խմբեր ստեղծելու հայտարարությանը, ԲՀԿ ղեկավարը նշեց, որ ինչպես նախկինում, այսօր էլ ասում է, որ օրենքի առաջ բոլորը հավասար են և որևէ անկարգություն պետք է պատժելի լինի։
Հարցին՝ նկատե՞լ է սևազգեստ մարդկանց, որոնք փորձում են անիշխանություն հաստատել երկրում, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց. «Ես միայն սպիտակն եմ տեսնում, սևերը չեմ տեսնում»: