Ադրբեջանի հետ բանակցային իրական գործընթացի վերսկսման ֆոնին Հայաստան-Արցախ հարաբերություններում լարվածությունը վտանգավոր է. Փորձագետ
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամկետը շուտով կհստակեցվի:
Հանդիպումից ակնկալիքների մասին Panorama.am-ը զրուցեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանի հետ:
«Հստակ ակնկալիքներ սահմանելը դժվար է, սակայն արդեն պարզ է, որ այս հանդիպումը տարբերվելու է Մնացականյան-Մամեդյարով նախորդ հանդիպումներից: Հանդիպումը տեղի է ունենում ինչպես սահմանային լարվածության աճի, որի արդյունքում Արցախում զոհ ունեցանք, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև հռետորաբանության կոշտացման ֆոնին», - նշեց փորձագետը:
Փորձագետի կարծիքով` հանդիպումը նախորդներից տարբերվելու է նաև այն պատճառով, որ կողմերը երկխոսությունից, բանակցային գործընթացին ծանոթանալուց անցնում են բուն բանակցություններին:
«Այս մասին վկայում է ոչ միայն Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին, որ բանակցային գործընթացին ծանոթանալու համար տրված ժամանակն ավարտվել է և գործընթացը վերսկսվում է, այլև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը Ղարաբաղյան կարգավորման իր տեսլականը քննարկել է Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Հիշում ենք, որ մինչ վերջերս վարչապետը հայտարարում էր, որ ցանկանում է բանակցություններին գնալ կարգավորման ժողովրդի տեսլականով, որպեսզի հետագայում գործընթացի վերաբերյալ հանրության մոտ հարցեր չառաջանան: Բայց հիմա տեսնում ենք, որ կարգավորման տեսլականի շուրջ քննարկումները տեղի են ունենում գաղտնիության պայմաններում: Նկատվում է հապճեպության, և այս իմաստով ևս ակնկալիքները շատ չեն. Անհարկի շտապողականությունը չի կարող ազդեցություն չունենալ բանակցությունների վրա», - նշեց փորձագետը:
Այս ամենի համատեքստում փորձագետը վտանգավոր է համարում Հայաստան-Արցախ հարաբերություններում առկա անվստահության մթնոլորտը, պառակտվածության առաջացումը: «Հայաստանի և Արցախի ղեկավարների` մամուլի միջոցով շփվելը` հատկապես Ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ, ընդդիմախոսների կողմից դավադիր պատերազմ հրահրելու Փաշինյանի թեզը, ընդհանրապես երկրի ներսում թշնամիներ փնտրելու վերջին միտումները ոչ միայն լարվածություն են առաջացնում հայկական երկու պետությունների միջև հարաբերություններում և ներքաղաքական կյանքում, այլև լուրջ խնդիրներ` հայկական երկու պետությունների անվտանգության համար», - նշեց փորձագետը` հավելելով, որ Հայաստան-Արցախ հարաբերություններում լարվածությունը բանակցային գործընթացում որևէ դրական բան չի խոստանում: