Մանվել Գրիգորյանի փաստաբան. Ցանկանում են հիվանդ մարդուն ամեն կերպ պահել կալանքի տակ
Կալանքի տակ գտնվող, այս պահին քաղաքացիական հիվանդանոցում բուժվող ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի պաշտպանները կրկին դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողներին ասաց Մ. Գրիգորյանի պաշտպան Արսեն Մրտչյանը։
Նա նշեց, որ ՄԻԵԴ-ն իրենց իրավունք էր վերապահել կրկին դիմել, եթե Մանվել Գրիգորյանը չստանա բավարար բուժում։
«Նա չի ստացել այդ բավարար բուժումը, դրա խոչընդոտն ակնհայտորեն եղել է։ Այդ հիմքով դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասաց փաստաբանը։
Մ. Գրիգորյանի փաստաբաններից Լևոն Բաղդասարյանն անթույլատրել է համարում, որ Մ. Գրիգորյանը մնա կալանքի տակ:
«Ցանկանում են հիվանդ մարդուն ամեն կերպ պահել կալանքի տակ՝ հնարավորություն չընձեռելով, որպեսզի արդարադատության առաջ կանգնի հնարավորինս առողջ վիճակում»,- նշեց նա։
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում պետք է տեղի ունենար Մ.Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությունը։ Նիստը հետաձգվեց, քանի որ, փաստաբան Ա. Մկրտչյանի խոսքով, կան լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման և հետազոտման կարիք։ Նա նշեց, որ իրենք միշտ էլ պնդել են, որ Մ. Գրիգորյանին կալանքի տակ գտնվելն իրավաչափ չէ, երբեք իրավաչափ չի եղել, իսկ հիմա, երբ առողջական վիճակի վատթարացումն ակնհայտ է, դարձել է էլ ավելի ոչ իրավաչափ։
Հաջորդ նիստը հունիսի 11-ին է։
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը պահանջում է նրա բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում
- Մանվել Գրիգորյանը հրաժարվում է որևէ տեսակի բուժօգնությունից. Արման Թաթոյան
- Politik. Մանվել Գրիգորյանը պետք է մահանա
- Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ է
- Իրավապաշտպան. Այսօր Մանվել Գրիգորյանը պաշտպանության կարիք ունի
- Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում պետության հաշվին չի բուժվել
- Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան