Սկզբունքային որևէ փոփոխություն այս հարկային օրենսգիրքը չի առաջարկում. Թանդիլյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը այսօրվա արտահերթ նիստում իր ելույթի ընթացքում անդրադարձավ կառավարության տնտեսական թիմի գործունեությանն ու աշխատանքի որակին։
«Այն, որ վերջապես արտահերթ նիստով մենք քննարկում ենք Հարկային օրենսգրքի փոփոխությունը, որը ենթադրաբար պետք է հանդիսանա տնտեսական հեղափոխության խարիսխը, ըստ էության, արդեն խոսում է այդ աշխատանքի դանդաղ ու վատ տեմպերի մասին։ Միայն այն հանգամանքը, որ այդ քննարկումները տևել են մեկ տարի, այն դեպքում, որ անցած տարվա հունիսին վարչապետի հանձնարարությամբ մինչև անցած տարվա օգոստոսի 20-ը պետք է ներկայացվեր այս փաթեթը, խոսում է այն մասին, որ մենք այս տեմպերով սպասելիքները, որոնք առաջացրել ենք, չենք սպասարկելու»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ Հարկայի օրենսգիրքն ու առկա վարչարարությունը խոչընդոտ է ՀՀ ներդրումների համար։
«Սկզբունքային, փիլիսոփայական որևէ փոփոխություն այս հարկային օրենսգիրքը չի առաջարկում, իսկ կոսմետիկ փոփոխություններով որևէ ռեֆորմ, որևէ բիզնեսի խթանում անհնարին է իրականացնել։ Մեր սպասումները փոփոխություններից չեն արդարացվել, դեռ մերը ոչինչ, մեր բիզնես միջավայրը սրանով չի բարելավելու և առկա վարչարարական խոչընդոտները շարունակում են լինել»,- նշեց Թանդիլյանը։
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկվում է սահմանել եկամտահարկի համահարթ դրույքաչափ՝ 23 տոկոս
- Դավիթ Անանյանը՝ համահարթ եկամտահարկի դժգոհությունների մասին