Սերգեյ Սմբատյանը և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ
Բրիտանական Watford Colosseum-ում կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի (London Symphony Orchestra, LSO) հերթական համատեղ ձայնագրությունը, որի արդյունքում հանրահայտ Naxos պիտակի ներքո թողարկվելու է ձայնասկավառակ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ մաեստրո Սմբատյանը և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ի թիվս այլ գործերի ձայնագրել են նաև Արամ Խաչատրյանի Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից և Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը։ Աննախադեպ երևույթ է, որ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրում է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Սերգեյ Սմբատյանի գործունեության նպատակներից է աշխարհում հանրայնացնել հայկական երաժշտական ժառանգությունը, և LSO-ի հետ այս ձայնագրությունը նույնպես այդ նպատակին միտված քայլերից է։
Դիրիժոր Սմբատյանի և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի նախորդ համատեղ ձայնագրությունը կայացել էր այս տարվա ապրիլին։
Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի և մաեստրո Սմբատյանի ձայնագրությունների պրոդյուսերն է «Գրեմմիի» մրցանակակիր Քրիստոֆեր Ալդերը, ով իրականացնում է աշխարհի ամենահայտնի դասական երաժիշտների, կոլեկտիվների ձայնագրությունները: Նրա ձայնագրություններն արժանացել են մի շարք միջազգային մրցանակների և ներկայացված են ամենուր՝ աշխարհում դասական երաժշտության հավաքածուների վաճառքի լավագույն հարթակներում։
LSO-ն աշխարհի լավագույն նվագախմբերից է։ Այն հիմնադրվել է 1904 թվականին։ Նվագախմբի հետ սերտորեն համագործակցել են աշխարհահռչակ այնպիսի դիրիժորներ, ինչպիսիք են Կլաուդիո Աբբադոն, Լեոնարդ Բերնստայնը, Կարլ Բյոմը և այլք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան