Օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագները 5.3%-ով աճել են
Մատուցված ծառայությունների ոլորտում 2019թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է 0.1% հավելաճ, իսկ 2018թ. մայիսի նկատմամբ սակագների մակարդակը մնացել է անփոփոխ:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019թ. մայիսին ապրիլի համեմատ վարսավիրանոցների և անձնական խնամքի սպասարկման սրահների ծառայությունների սակագների հավելաճը կազմել է 0.1%, բնակարանի նորոգման և սպասարկման ծառայություններինը՝ 0.2%, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայություններինը՝ 0.3%, մարդատար տրանսպորտի ծառայություններինը՝ 1.2% (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 5.3% հավելաճով):
Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է հանգստի կազմակերպման համալիր ծառայությունների և սպասարկման ծառայությունների (ռեստորաններ, սրճարաններ և համանման կազմակերպություններ) սակագների՝ համապատասխանաբար 1.3% և 0.2% նվազում, իսկ կենցաղային սարքերի նորոգման, կապի, բժշկական, կրթության, իրավաբանական ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: