Վրացագետ. Պետք է զգույշ լինել այդ ամենին քաղաքական ենթատեքստ տալ
Ախալքալաքում հունիսի 6-ին տեղի հայ բնակիչների և ազգությամբ վրացի պարեկային ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպը վրացագետ Ջոնի Մելիքյանը որևէ աշխարհաքաղաքական հարցի հետ չի կապում, նաև վտանգավոր է համարում այդտեղ ազգամիջյան տարր տեսնելը։
Panorama.am-ը հետաքրքրվեց վրացագետից արդյո՞ք Ախալքալաքում վրացի ոստիկանների կողմից հայ ընտանիքի՝ կին, անչափահաս երեխա, ծեծը կարող է ունի ազգամիջյան էսկալացիայի նպատակ ու կապ ունի՞ թուրք-ադրբեջանական, հայ-ռուսական զորավարժանքների հետ։
«Շատ վտանգավոր է հասարակական, քաղաքական որոշ գործիչների հայտարարությունները, որոնք փորձում են ազգամիջյան տարր տեսնել այդ միջադեպի մեջ։ Միջադեպ է, որի հարցերով պետք է զբացվեն իրավապահ մարմիններն ու դատարանը։ Մինչև դատարանի որոշումը չլինի, վտանգավոր է առաջին հերթին մեզ համար, այդպիսի հայտարարություն անելը»,- ասաց նա։
Ջ. Մելիքյանը նշեց, որ ոչ մի աշխարահաքաղաքական հարցերի հետ չի կապում, ընդամենը միջադեպ է, պատահում է Վրաստանի տարբեր շրջաններում, տարբեր տարիներին բողոքի ալիքներ եղել են ոստիկանների հետ կապված։ Վրացագետը կրկնեց, որ պետք է սպասել դատարանի որոշմանը՝ ով է սխալ, ոչ ճիշտ, մինչ այդ որևէ հայտարարություն անելը շատ վտանգավոր է։
«Հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների ֆոնի վրա պետք է զգույշ լինել փորձել այդ ամենին քաղաքական ենթատեքստ տալը»,- ընդգծեց նա։
Դիտարկմանը, թե այսօր Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հայտարարություն էր տարածել, որի համաձայն նման դեպքերը հաճախակի են դառնում հենց Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում, Ջ. Մելիքյանն ասաց, որ թող այդ դեպքում դիմեն դատարան՝ լուծելու այդ հարցերը, ոչ թե հայտարարություն անեն. «Եթե կան խնդիրներ, տարածաշրջանում կա Վրաստանի օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչը, քաղաքացիներն ունեն հնարավորություն բողոքով դիմել»։
Ջ. Մելիքյանն ասաց, որ պետք է սպասել ու տեսնել, թե իրավապահ մարմիններն ինչպես են աշխատելու, դատական համակարգն ինչ գնահատական է տալու այս ամենին։ Նա կարծում է, որ դատարանը ճիշտ գնահատական կտա դեպքին, խնդիր չպետք է լինի, քանի որ այսօրվա իրավիճակն այնպիսին է, որ ոչ մի խոչընդոտ չպետք է լինի. եթե ոստիկաններն են մեղավոր, իրենք պատասխանատվության կնեթարկվեն, եթե քաղաքացիներն են, «դաս կլինի, թե ինչպես շփվել օրինապահների հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Նման դեպքերը հաճախակի են դառնում հենց Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում. հայտարարություն
- Ախալքալաքում ոստիկանները ծեծել են քաղաքացիներին