Կամո Հովհաննիսյան. Մենք գիտենք, թե ինչպես խաղալ նրանց դեմ
Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ԵՎՐՈ 2020-ի որակավորման փուլի Հայաստան – Լիխտենշտեյն խաղից առաջ նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի և գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսը։ Այս մասին տեղեկանում են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի կայքից։
Կամո Հովհաննիսյանն ասել է, որ խաղին պատրաստվել ե շատ լավ. «Թե մարզչական, թե բժշկական շտաբի կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի մենք պատշաճ կերպով պատրաստ լինենք հանդիպմանը։ Գնդակի վերահսկումը, արագ խաղը և մրցակցի վտանգավոր ֆուտբոլիստներին չեզոքացնելը կարող են որոշիչ գործոններ լինել վաղվա վաղում։
Դիտել ենք Լիխտեյնշտայնի վերջին մի քանի հանդիպումները։ Գիտենք, որ նրանց կազմում կան մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են խնդիրներ ստեղծել մեզ համար։ Մենք գիտենք, թե ինչպես խաղալ նրանց դեմ»։
Արմեն Գյուլբուդաղյանցն ասել է, որ վնասվածք ստացած ֆուտբոլիստներն արդեն թիմի հետ չեն, կան փոքր վնասվածքներ ունեցող 1-2 ֆուտբոլիստներ։
«Հույս ունենք, որ մինչև վաղվա խաղը նրանք պատրաստ կլինեն»,- ասել է թիմի գլխավոր մարզիչը։
Խոսելով հավաքական առաջին անգամ հրավիրված Արմեն Համբարձումյանի մասին, նա նշել է. «Արմենը դեռ անցյալ հավաքի ժամանակ էր ընդգրկված հավաքականի ընդլայնված կազմում։ Մեծ առաջընթաց է նկատվում նրա խաղում։ Խելացի և աշխատասեր ֆուտբոլիստ է, դրա համար էլ հրավիրվել է ազգային հավաքական»։
Արմեն Գյուլբուդաղյանցն ասել է. «Պետք է չվախենալ դաշտ մտնելուց և ֆուտբոլ խաղալուց։ Եթե Ձեր նշած տրամադրվածությամբ մտնես խաղադաշտ և մտածես, որ սխալվելու իրավունք չունես, ապա անընդհատ կսխալվես։ Պետք է դաշտում ունենաս պատասխանատվության մեծ զգացում, ազատ լինես քո գործողություններում, որպեսզի կարողանաս հասնել դրական արդյունքի»։