Աբովյանում ՔՊԿ թեկնածուի շտաբի պետի մեքենան հրկիզել են
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի հանգամանքները: Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանից։
2019 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 04-ի սահմաններում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի ոչնչացնելու նպատակով հրկիզել է Աբովյան քաղաքի 46 -ամյա բնակչին պատկանող բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան:
Նա հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով)։ 46 ամյա բնակիչը ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Կազմվել է քննչական խումբ: Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էի, որ հունիսի 8-ին, ժամը 04։03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 28 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Թիվ 28 շենքի մոտակայքում այրվում է Nissan Tiida մակնիշի ավտոմեքենա:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:16-ին, մարվել՝ 04:23-ին: Ամբողջությամբ այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և դիմացի անվադողերը՝ մասամբ:
Քաղաքացի Հ.Ս.-ն (ծնված 1993 թ.) ստացել է ձեռքերի այրվածքներ և հոսպիտալացվել Աբովյան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ֆեյսբուքյան իր էջում մեքենայի հրկիզման դեպքի մասին գրել է. «Սա չի տեղավորվում ոչ միայն օրինականության, այլ նաև` բարոյականության ու բանականության սահմաններում. Զազրելի ոտնձգություն ընտանիքի և սեփականության նկատմամբ։ Վստահ եմ իրավապահ մարմինների` կեսգիշերին մեկնարկած գործողությունների արդյունքները շատ չեն ուշանա։ Աբովյանում չի՛ կարող լինել վախի մթնոլորտ և անպատժելիության իմիտացիա։
Հ.Գ. Դեպքը տեղի է ունեցել ՔՊԿ թեկնածուի` ենթաշտաբերից մեկի պետի հետ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան