Մենք գյուղատնտեսությունը թողել ենք ինքնահոսի. Սերգեյ Բագրատյան
«Մենք տարիներ շարունակ չենք կարողանում արդյունավետ օգտագործել մեր գյուղատնտեսության հնարավորությունները»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ ուշ աշնանացան հացահատիկն ու վաղ գարնանացան գարին է որպես մշակաբույթ դիտարկվում, բայց մեր երկրում աճող մրգի ու բանջարաբոստանային կուլտուրաների համային որակներին նայելով՝ պետք է կարևորել այդ ուղղությունները։
«Տարիներ շարունակ բարձր վարկավորումներ ստանալով գյուղացիական տնտսությունների մեծ մասը կորցրել են իրենց վարկունակությունը: Առաջարկվող վարկերը գրեթե անմատչելի է գյուղացիների մեծ մասին՝ սև ցուցակներում լինելու և վարկերի ընթացակարգը անհասկանալի լինելու պատճառով: Բացի այդ, օրինակ՝ տոհմային տավարաբուծության ծրագիր է առաջարկվում այն դեպքում, երբ կերային բազային հնարավորություն է պետք և խիստ հարստացված կեր է պետք, որը չենք կարողանում ապահովել»,- ասաց պատգամավորը։
Ինչ վերաբերում է ոռոգման համակարգին՝ Բագրատյանն ասաց, որ այս պահին ընդամենը 200 հազար հեկտարն է հնարավոր ոռոգել այս պահին. «Պայմանական ասած՝ յուրաքանչյուր գյուղացիական տնտեսություն ունենալով երեք հողակտոր, երեքից երկուսը ոռոգել չի լինում: Պատճառներից մեկը հնացած ենթակառուցվածքներն են, ոռոգման համակարգի նախկինում կոռումպացված լինելն է: Տարիներ շարունակ գյուղատնտեսությանը հատկացվում էր վառելիք, սերմեր, պարարտանյութ, բայց, քանի որ չարաշահումների փաստեր հայտնաբերվեցին ծրագրերը դադարեցվեց, այնինչ թերություններ հայտնաբերելու դեպքում ոչ թե պետք է ծրագիրը փակել, այլ թերությունները վերացնել: Այս պահին ոչնչով չենք կարողանում օգնել գյուղացիներին, միայն վարկեր ենք առաջարկում, սակայն պետք է այդ օգնությունը առարկայական լինի և վարկային գործակալը պետք է գնա գյուղացու տուն: Ես կարծում եմ, որ մենք գյուղատնտեսությանը թողել ենք ինքնահոսի»: