«Փաստ». Զեյնալյանի հրաժարականը կանխորոշված էր դեռ ամիսներ առաջ
««Փաստ» թերթի ունեցած հավաստի տեղեկություններով՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը կանխորոշված է եղել դեռ ամիսներ առաջ՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի հետ կապված աղմկոտ սկանդալին զուգահեռ: Այս երկու պատմությունները, իհարկե, որևէ ուղղակի առնչություն չունեն, սակայն Սանասարյանի գործը պատրվակ է դարձել, որպեսզի ՔՊ վերնախավում քննարկվի «ոչ յուրայիններից» ազատվելու հարցը:
Հենց այդ օրերին, մեր աղբյուրների պնդմամբ, զրույց է տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արտակ Զեյլնալյանի միջև, որի ընթացքում վերջինս կառավարության ղեկավարին խոստացել է լուծել «Հանրապետություն» կուսակցության լոյալության հարցը, որի քաղխորհրդի անդամն է արդարադատության արդեն նախկին նախարարը: Սակայն Զեյնալյանը ոչ միայն չի կարողացել համոզել Արամ Սարգսյանին ու մյուսներին, այլ կուսակցությունում նրան կանգնեցրել են երկընտրանքի առջև՝ պահանջելով ընտրել կամ նախարարի, կամ կուսակցականի կարգավիճակը:
Այնուամենայնիվ, Փաշինյանը մի որոշ ժամանակով «սառեցրել» է պաշտոնանկության թեման՝ հաշվի առնելով, որ հենց Զեյնալյանը խորհրդարանում պետք է ներկայացներ կառավարության նոր կառուցվածքը: Դրանից հետո ամեն օր Զեյնալյանի հրաժարականը սպասելի էր, մանավանդ, որ նրա կուսակցությունը՝ «Հանրապետությունը», հրապարակային հայտարարությամբ դատապարտել է դատարաններն արգելափակելու ու Քառօրյա պատերազմի խնդրով քննիչ հանձնաժողով ստեղծելու Փաշինյանի նախաձեռնությունները: Չնայած այն հանգամանքին, որ Զեյնալյանն այդ հայտարարություններից հետո փորձեց սահմանազատվել իր կուսակցությունից, դա նրան չփրկեց պաշտոնանկությունից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: