Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերն՝ ուղղված էներգետիկ քաղաքականությանը. Մնացականյան
«Ստանձնելով կառույցի նախագահությունը միության մարմիններում՝ Հայաստանը հնարավորություն ստացավ ոչ միայն ազդել կառույցի օրակարգի ձևավորման վրա, այլև՝ առաջ մղել Հայաստանի առաջնահերթությունները՝ լինելով ավելի նախաձեռնող, նպաստել ինչպես կառույցի զարգացմանն, այնպես էլ դրա միջոցով ընդլայնել Հայաստանի հնարավորությունները», - այսօր ԱԺ-ում մեկնարկած «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերն՝ ուղղված էներգետիկ քաղաքականության իրականացմանն ու էներգետիկ ռեսուրսների համար ոչ խտրական հիմքի վրա գնագոյացման հարցի լուծմանը, ինչպես նաև դրանց տարանցիկ փոխադրմանը՝ անդամ երկրների տարածքներով։
«Շնորհիվ ՀՀ-ի՝ լրացուցիչ խթան է ստացել միության արտաքին տնտեսական բաղադրիչի զարգացումը: Իրանի հետ Հայաստանի տնտեսական և քաղաքական կապերը պայմաններ ստեղծեցին միության համար դուրս գալ մերձավոր Արևելքի տարածաշրջան, որի արդյունքում 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում ԵԱՏՄ և անդամ պետությունները մի կողմից և Իրանի Իսլամական հանրապետության միջև մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը ստորագրվեց: Այն ստեղծվել է երեք տարի ժամկետով, որի արդյունքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի մասով», - նշեց Մնացականյանը։
Արտգործնախարարը հավելեց, որ ազատ առևտրի գոտին հնարավորություն կընձեռի բազմաթիվ ապրանքների ներմուծման մաքսատուրքերի նվազեցման կամ զրոյականացման, ինչն իր հերթին զգալիորեն կնպաստի փոխադարձ առևտրի ծավալների մեծացմանը. «Իրանի և Չինաստանի հետ համապատասխան համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաև Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ բանակցությունների ավարտը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ միության համար համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացի համար»։