Հուսանք՝ հնարավոր կլինի գազի սակագինը չբարձրացնել. Մհեր Գրիգորյան
Շատ բաղադրիչներ կան, որոնք նշանակություն ունեն գազի գնի վերջնական ձևավորման հետ կապված: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե՝ կարո՞ղ ենք ակնկալել, որ գազի սակագինը չի բարձրանա:
Փոխվարչապետը հայտնեց, որ ցանկացած հանդիպման ընթացքում այդ հարցը քննարկվում է, բայց դեռևս չի կարող ասել, որ ունեն վերջնական պայմանավորվածություններ:
«Այդ պայմանավորվածությունները այս փուլում չէին էլ կարող ամփոփվել, քանի որ բանակցությունների մի հատվածը վերաբերում է մարժային, այսինքն՝ տարիֆի ձևավորմանը ՀՀ տարածքում «Գազպրոմ Արմենիայի» կողմից, և սահմանին գազի գնին, որը մեկ այլ բանակցությունների առարկա է: Շարժվում ենք այդ ուղղությամբ, հուսանք, որ հնարավոր կլինի տարիֆը չբարձրացնել»,- ընդգծեց փոխվարչապետը:
Հարցին, թե աշխատանքային խումբն արդեն 6 ամիս աշխատում է, ինչ արդյունքներ են գրանցվել, հնարավո՞ր է կրճատել «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերը , Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Հարցին դետալիզացված չեմ պատասխանի, բայց կան բազմաթիվ ծախսեր, որոնց շուրջ նախնական պայմանավորվածություն կա և դրանք պետք է նվազեցվեն «Գազպրոմ Արմենիա»-ի օպտիմիզացիայի հաշվին»:
Դիտարկմանը՝ արդյոք ընկերության ծախսերն ուռճացված են եղել, փոխվարչապետն ասաց, որ ծախսեր շատ եղել են, նաև չբացառեց, որ ուռճացված էլ են եղել, սակայն չի ցանկանում մանրամասն ներկայացնել. «Բանակցությունները կունենան վերջնական տեսք և դրանց մասին դուք կիմանաք»:
Անդրադառնալով այն քննադատություններին, թե գազի սակագինը պահպանվել է «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների կրճատման արդյունքում, Մհեր Գրիգորյանը նախ հարցով պատասխանեց.«Իսկ դուք ունե՞ք տեղեկատվություն, որ աշխատակիցնե՞ր են արդեն իսկ կրճատվել»:
յնուհետև հավելեց. «Չկա որևէ բիզնես կամ ձեռնարկություն, որ կրճատման գործընթացներով պարբերաբար չանցնի: Դա հրամայականն է այսօրվա: Բնականաբար, որքան տեխնոլոգիաները զարգանում են, այնքան կրճատման խնդիրը, ցավոք սրտի, արդիական է դառնում: Այլ տարբերակ չկա: Կրճատումների և գազի սակագինը չբարձրացնելու մեջ ես կապ չէի արձանագրի»: