Փաշինյանը իտալացի գործընկերներին հրավիրեց մասնակցելու տնտեսական թռիչքին
Երևանում այսօր մեկնարկեց հայ-իտալական բիզնես համաժողովը՝ նվիրված տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, շինարարության, խելացի քաղաքների և վերականգնման ոլորտների ենթկառուցվածքներին։
Առաջին անգամ անցկացվող հայ-իտալական բիզնես համաժողովին, որն անցկացվում է Հայաստանում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ, մասնակցում են տարբեր բնագավառների տեղական հաստատությունների, իտալական ասոցիացիաների ներկայացուցիչներ։ Համաժողովի նպատակն է իտալական ձեռնարկություններին ներկայացնել Հայաստանի ենթակառուցվածքներին վերաբերող առավել հետաքրքիր ծրագրերը և համագործակցության հնարավորություն ստեղծելու ենթակառուցվածքների և տրանսպորտի իտալական ընկերությունների համար։
Համաժողովի բացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է երկրի տնտեսության թռիչքաձև զարգացումը։
«Մեկ տարվա ընթացքում մենք կարողացել ենք Հայաստանում քաղաքական առումով արմատախիլ անել համակարգային կառուպցիան, վերացնել մենաշնորհները։ Ինչու եմ ասում քաղաքական առումով, քանի որ հասկանալիորեն այն ընկերությունները, որոնք երկար տարիներ մենաշնորհային դիրք են ունեցել, նրանք այլևս չունեն նախկինում ունեցած արտոնությունները»,- ասաց վարչապետը՝ միաժամանակ հավելելով, որ տեղի ունեցած հեղափոխությունն աննախադեպ է նաև նրանով, այդ ընկերությունները չեն դադարեցրել իրենց գործունեությունը, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ կառավորությունը բալանսավորված մոտեցում է ցույց տալիս տնտեսական դաշտին և տնտեսական գործունեությանը։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանում չի գրանցվել սեփականության բաշխման գեթ մեկ դեպք. «Այսինքն՝ ՀՀ-ում սեփականության իրավունքը երաշխավորված է»։
Վարչապետը կարևորեց նաև այն, որ չնայած քաղաքական փոփոխություններին, Հայաստանում տնտեսական ցնցումներ ընդհանրապես տեղի չեն ունեցել, ֆինանսական շուկան մնացել է կայուն և հեղափոխությունից անմիջապես հետո գտնվում է տնտեսական աճի փուլում։
Նրա խոսքով՝ այս տարվա առաջին եռամյսակում Հայաստանում արձանագրվել է 7.1% տնտեսական աճ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլին կազմել է 9.2%։
«Թույլ տվեք ասել՝ սա աննախադեպ իրավիճակ է համաշխարհային պատմության մեջ, երբ հեղափոխությունից հետո երկիրը տնտեսական ցնցումների, ռեցեսիոն փուլի մեջ չի հայտնվում։ Սա նշանակում է, որ Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու բավական յուրօրինակ և հետաքրքիր պայմաններ կան»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը ներկայացնելով կառավարության մարտավարությունը՝ նշեց, որ իրենց նպատակն է քաղաքական հեղափոխությունը տրանսֆորմացնել տնտեսական հեղափոխության, որ ՀՀ-ում տնտեսությունը թռիչքային զարգացում ունենա:
«Մենք գերակայություն ենք հայտարարել երեք ճյուղ՝ տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, որը պետք է էկոլոգիական չափանիշները պահպանելով, նաև հենվելով նոր տեխնոլոգիաների վրա, բարձրացնի արդյունավետությունը: Ընդհանրապես մեր տեսլականը հետևյալն է՝ մենք պատրաստվում ենք Հայաստանը դրախտ դարձնել տաղանդավոր մարդկանց համար»,- ընդգծեց վարչապետը։
Նրա խոսքով՝ պատրաստվում են Հայաստանում ստեղծել այնպիսի էկոհամակարգ, որ յուրաքանչյուր տաղանդավոր մարդ իր ընդունակությունները, տաղանդը իրացնելու, հարստանալու և հարստացնելու հնարավորություն ունենա։
«Մենք վստահ և հաստատակամ քայլերով գնում ենք այդ ճանապարհով։ Դուք Հայաստանում իսկապես հայտնվել եք ճիշտ ժամանակին, երբ կառավարությունն ամբողջ թափով մտադրված է ձեր ընկերությունների համար ստեղծել բոլոր հնարավորությունները։ Ինչ վերաբերում է հայ-իտալական տնտեսական կապերին, ապա ուրախ եմ արձանագրել, որ դրանք ամրանում են, մեր երկրների, մեր ժողովուրդների միջև կա ավանդական ջերմություն, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում, որ մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգանան, Իտալիայից ներդրումները հոսեն Հայաստան»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը իտալացի գործընկերներին հրավիրեց մասնակցելու տնտեսական թռիչքին, հարստանալ և հարստացնել Հայաստանի Հանրապետությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում