Փաստաբան. Մանվել Գրիգորյանը օրական 16-17 ժամ ստանում է ինսուլին
«Կամ բարձրագույն իշխանության կողմից կա ուղղակի տոտալ ցուցում, որպեսզի անձին խոշտանգեն, հաշվեհարդարի ենթարկեն կամ պետական լիազոր մարմինների անօրինականությունների հետ կապված սխալ են զեկուցում բարձրագույն իշխանությանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
Նրա խոսքով, եթե դա իրոք այդպես է, այս փուլում գոնե պետք է տրվի ուղղակի հանձնարարություն, որպեսզի անօրինականություններ կատարողների գործողությունների հետ կապված տրվի իրավական գնահատական:
Լ. Բաղդասարյանն ասաց, որ ամիսներ առաջ բարձրաձայնել էին, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում խոշտանգումներ՝ պատճառաբանելով, որ անձը, երբ ձերբակալվել, կալանավորվել է, ունեցել է ընդամենը մի քանի հիվանդություն, ինտենսիվ գտնվել է բժիշկների հսկողության տակ. «1-2 ամիս հետո բարձրաձայնեցինք, որ կա հիվանդությունների բացասական դինամիկա, և կալանքը որպես այդպիսին անթույլատրելի է: Հետո բարձրաձայնեցինք, որ հիվանդությունների թիվը պրոգրեսիվ աճում է և այս պահին ունի 30 հիվանդություն»։
Պաշտպանն ասաց, որ ստանալով Մանվել Գրիգորյանի թույլտվությունը, դիմել էին ՄԻԵԴ՝ պահանջով, որ պատշաճ բուժօգնություն ցուցաբերվի քաղաքացիական հիվանդանցում։
«Պետական լիազոր մարմիններն անհապաղ տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց։ Հայաստանի կառավարությունը վերցրեց պոզիտիվ պարտավորություն, որ քաղաքացիական հիվանդանոցում վերջինս կստանա համապատասխան բուժում։ 3 ամսվա կտրվածքով վերջինս «Նաիրի» բժշկական կենտրոնում ստացավ համապատասխան բուժում, բայց, չգիտես ինչու, պետական լիազոր մարմինը որոշեց, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» կան բավարար միջոցներ և որ վերջինիս կարող են տեղափոխել այնտեղ, այն դեպքում, երբ կառավարությունը վերցրել էր պարտավորություն, որ ունենալով նման հիվանդություններ, քաղաքացիական հիվանդանոցում, այն էլ մերձավորների հաշվին, Մանվել Գրիգորյանը բուժումը ստանա։ Բարձրաձայնեցինք մամուլի միջոցով, բողոքներ գրեցինք տարբեր լիազոր մարմինների, արդյունքում ոչ մի բան չստացանք։ Ստիպված դիմեցինք ՄԻԵԴ, կայացվեց համապատասխան որոշում՝ անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, խոշտանգման հետ կապված մեր դիմումն էլ որոշվեց լսել առաջնահերթության կարգով»։
Նա նշեց, որ անօրինականությունների մասին բարձրաձայնում են միայն իրավապաշտպանները, պետական լիազոր մարմիններն անգործության վիճակում են գտնվում, ինչը խնդիր է. «Դա վերաբերում է ոչ թե կոնկրետ անձի, վերաբերում է յուրաքանչյուրիս։ Նման նախադեպը երբ ձևավորվում է, ուղղակի բերելու է կործանարար հետևանքների երկրի, քաղաքացու համար»։
Լ. Բաղդասարյանն ասաց, որ Մ. Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում է, օրական 16-17 ժամ ստանում է ինսուլին, 24 ժամ արհեստական շնչառության տակ է։
«Ունեցանք հետևյալ պատկերը՝ դասական խոշտանգման և ուղղակի հաշվեհարդար վերջինիս նկատմամբ»,- ասաց Մ. Գրիգորյանի փաստաբանը։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանն այժմ գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ուր տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի փաստաբան. Ցանկանում են հիվանդ մարդուն ամեն կերպ պահել կալանքի տակ
- ՄԻՊ. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը պահանջում է նրա բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում
- Մանվել Գրիգորյանը հրաժարվում է որևէ տեսակի բուժօգնությունից. Արման Թաթոյան
- Politik. Մանվել Գրիգորյանը պետք է մահանա
- Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ է
- Իրավապաշտպան. Այսօր Մանվել Գրիգորյանը պաշտպանության կարիք ունի
- Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում պետության հաշվին չի բուժվել
- Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան