Եթե ԵԱՏՄ-ն դիտարկենք տիրոջ աչքով, շատ հարցերի այլ տեսակետից կնայենք. Շավարշ Քոչարյան
«Սա միակ կազմակերպությունն է, որտեղ որոշումներ մենք ինքներս ենք կայացնում՝ կոնսենսուսով մնացած անդամների հետ»,- ԱԺ-ում «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ նշեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ էական տարբերություն այն է, որ բոլոր անդամ-պետությունները շահագրգիռ են, որպեսզի այդ տարածքում տնտեսությունը աճի, քանի որ մաքսատուրքերի գումարները հավաքվում են մի ընդհանուր տեղ, որից հետո նախապես որոշված ձևով տոկոսադրույքները բաշխվում են։
«Այսինքն Հայաստանը շահագրգիռ է, որ Ռուսաստանի տնտեսությունն աճի, և այդպես ցանկացած այլ պետություն։ Սա շատ կարևոր առանձնահատկություն է, որ մենք գիտակցենք։ Հասկանալի է, որ մրցակցություն կա՝ տարբեր մակարդակների, բայց կա ընդհանուր շահ, որ մեզ բոլորիս միավորում է։
Մեր տնտեսություններն այդ տարածքում պետք է զարգանան, դրանից բոլորն են շահում։ Ցանկանում եմ հիշեցնել, որ իհարկե, այս միության հիմքում կանգնած են երեք պետություններ, որոնք այդ գործընթացը սկսել էին, Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը։
Բայց մյուս կողմից՝ մենք ոչ թե միացել ենք միությանը, այլ մենք իրավական առումով հանդիսանում ենք հիմնադիր անդամ, ճիշտ այնպես, ինչես այդ երեք պետությունները, քանի որ մենք ոչ թե միացել ենք այդ միությանը, այլ մենք ստորագրել ենք համաձայնագիր, միութենական այդ պայմանագրին միանալու մասին, դեռ չկար այդ գործող միությունը, կար պայմանագրին, դրանով ձեռք ենք բերել այն բոլոր իրավունքները, որն ունեին առաջինը ստորագրածները»,- մանրամասնեց փոխնախարարը։
Նա շեշտեց, որ այդ նույն ճանապարհով գնացել են նաև Ղրղզստանը և այսուհետ էլ որևէ մեկը չի կարող այդ կարգավիճակն ունենալ։
«Այսինքն տվյալ պարագայում կան հինգ անդամ, որոնք բոլորն էլ հիմնադիր են, իսկ նոր անդամ եթե հայտնվի, ապա պայմանագիրն ունի համապատասխան դրույթներ, որը կանոնակարգում է՝ ինչ քայլեր պետք է իրականացնի ապագա անդամը։ Եթե մենք ԵԱՏՄ-ն դիտարկենք տիրոջ աչքերով տիրոջ աչքով, շատ հարցերի այլ տեսակետից կնայենք։ Շատ անգամ մեզանում այսպիսի դիսկուրս կա, և-և, կամ-կամ, ես կարծում եմ՝ դա սխալ է, քանի որ և, և, և, և, այ սա է ճիշտ։ Հայաստանի համար չափազանց ձեռնտու է համագործակցությունը ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Չինաստանի, Իրանի հետ»,- եզրափակեց Շավարշ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է տեղի ունենա միասնականացում, և այլընտրանք չկա. Տիգրան Խաչատրյան
- Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերն՝ ուղղված էներգետիկ քաղաքականությանը. Մնացականյան
- Իրանն այսօր վավերացրել է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը․ Մելքումյան