Գեղամ Պետրոսյանը ցուցմունքներ չի տալիս. ՀՔԾ պետ
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Գեղամ Պետրոսյանի ձերբակալությունից հետո կլինե՞ն նոր ձերբակալություններ՝ նշեց, որ աշխատանքները շարունակվում են շատ ակտիվ, սակայն չի կարող կանխակալ կարծիք ասել, թե ապագայում կլինեն ձերբակալություններ:
Հարցին՝ տեսադաշտում կա՞ն կասկածյալներ, ՀՔԾ պետը նշեց. «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել»:
Դիտարկմանը, թե Գեղամ Պետրոսյանն ընդունե՞լ է, որ հենց ինքն է կրակել ու սպանել Զաքար Հովհաննիսյանին՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Գեղամ Պետրոսյանը ցուցմունքներ չի տալիս»:
Հարցին՝ ունե՞ն ապացույցներ, որ հենց Գեղամ Պետրոսյանին կցված ատրճանակից է սպանվել Զաքար Հովհաննիսյանը, ՀՔԾ պետը նշեց, որ նախաքննության շահերից ելնելով այդ հարցին չի պատասխանի:
«Քրեական դատավարության օրենսդրության համաձայն՝ որպես մեղադրյալ ներգրավվելու հիմքը ապացույցների բավարար համակցությունն է: Այսինքն՝ այդ համակցության առկայության դեպքում է հնարավոր միայն անձին ներգրավել որպես մեղադրյալ և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել: Դատարանն էլ բավարարել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, այսինքն՝ գտել է, որ առկա է և հիմնավոր կասկածը, և հիմքը»,- ընդգծեց նա:
Սասուն Խաչատրյանն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Մարտի 1-ի սպանությունների բոլոր հեղինակներին էլ պետք է բացահայտել:
«Իհարկե, բարդություններ կան, անցել է շուրջ 11 տարի, մենք գիտենք, որ բազմաթիվ իրեղեն ապացույցներ կեղծվել են, այդ մասին ունենք բազմաթիվ ապացույցներ, ինչն օբյեկտիվորեն դժվարացնում է մեր աշխատանքը: Բայց նաև ես մի առիթով ասել եմ՝ լալավատես եմ, մեր ամբողջ ծառայությունը լավատես է, մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլոր սպանությունները, դեպքի բոլոր հանգամանքները բացահայտվեն»,- ասաց նա:
ՀՔԾ պետը նաև հույս հայտնեց, որ Գեղամ Պետրոսյանի կալանավորումը կարող է բերել շղթայական բացահայտումների:
Դիտարկմանը՝ եթե ցուցմունք չի տալիս, ապա այդ դեպքում ինչպե՞ս կարող են նոր բացահայտումներ լինել, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Մինչ այս էլ ոչ ոք չէր խոսում, բայց ունեցանք բացահայտում»:
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Պետրոսյանը կալանավորվել է
- Սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանը իշխանափոխությունից հետո համագործակցել է ՀՔԾ-ի հետ, տվել ցուցմունքներ
- Քննիչը Գեղամ Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
- Անկեղծ ասած, Գեղամ Պետրոսյանն ինձ մոտ դրական տպավորություն է թողել. Օսիպյան
- Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան