Պետք է տեղի ունենա միասնականացում, և այլընտրանք չկա. Տիգրան Խաչատրյան
«Խնդրում ենք արձանագրել, որ մենք իսկապես տնտեսական կղզի ենք, և դա բոլոր բանակցությունների ժամանակ պետք է հաշվի առնել, ինչպես նաև այն, թե ինչպե՞ս ենք պաշտպանում մենք ձեռներցներին»,- խորհրդարանում «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Ավտոներկրողների ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ դիմելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին։
Նա նախարարից հետաքրքրվեց 2020 թվականից մեքենաների մաքսատուրքի դրույքաչափերի ավելացումից։
«Ես վերահաստատում եմ, որ ԵԱՏՄ տարածքը ոչ թե կղզիներ ստեղծելու, այլ բոլոր խոչընդոտերը վերացնելու տարածք է։ Եվ մեր համագործակցությունը, չնայած առանձին փոքր հարցերում թվացյալ դժվարություններին, պետք է համակարգի մեջ տեսնել՝ առավելությունները և դժվարությունները միասին վերցրած, որ մեր տնտեսությունը էապես զարգացնելու հնարավորություն է, և այդտեղ, կարծում եմ, այլընտրանք չկա։ Կղզիների վերադարձ կամ մեկուսացում երևույթները չեն, որ մենք պետք է տեսնենք առաջիկա համագործակցության հեռանկարում»,- պատասխանեց Խաչատրյանը։
Հովհաննիսյանն արձագանքեց, որ Բելառուսն 8 տարի սահմանափակումից դուրս է եղել, նախ, նրանց տրամադրվել է 5, ապա 3 տարի արտոնյալ ժամանակ. «3 տարի էլ մեզ հնարավորություն տվեք, մենք այդ մաքսավճարից չենք հրաժարվում, բայց ընդհանուր բյուջեում եթե հրաժարվեք բնապահպանության տուրքից, ԱԱՀ-ից, թույլ կտաք երեք տարի էլ ներկրել։ Եթե հրաժարվում ենք, հարյուրմիլիոնավորդոլար գումարներից ենք ընկնում, եթե բարեկենդան ենք այդպես, ուրեմն բնապահպանության տուրքից ու ԱԱՀ-ից հրաժարվեք»։
Նախարարն ասաց, որ այդ հարցի մասին բազմիցս խոսելու առիթ ունեցել են, բոլոր հնարավորությունները պետք է դիտարկել, ոչինչ չբացառել, բայց սկզբունքի հարց կա. «Անկախ անցումային որևէ արտոնյալ վիճակից՝ սկզբունքն այն է, որ պետք է տեղի ունենա միասնականացում, և այլընտրանք չկա»։
Հարակից հրապարակումներ`
- Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերն՝ ուղղված էներգետիկ քաղաքականությանը. Մնացականյան
- Իրանն այսօր վավերացրել է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը․ Մելքումյան