Վարչապետը բացատրություններ է տալիս Աբովյանի ընտրությունների մասին
Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, և հաղթել է ժողովրդավարությունը, ինչն ամենակարևորն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի պարտությանը։
«Հեղափոխությունը դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն: Եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ երկար տարիներ ամենաառաջնային կարգախոսը ՀՀԿ մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, որի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը։ Այնպես որ, ևս մեկ անգամ այս ընտրություններով արձանագրվեց՝ Հայաստանը ժողովրդավար երկիր է, որտեղ քաղաքացիները իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունը, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանությունը։
Հարցին, թե Կոտայքի մարզպետն ընտրությունների ժամանակ լծակներ է օգտագործել, քրեական գործեր են հարուցվել, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Պետք է իմանալ քրեական գործերի բովանդակությունը և համոզված լինեք, որ մեկը մյուսի հետ որևէ կապ չունի»։
Անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ մինչ ընտրություններն արած հայտարարությանը, թե հեղափոխությունը դեռ Աբովյան չի հասել, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նա այլ կոնտեքստում է դա ասել:
Հարցին, թե արդյոք սա իր վարկանիշի վրա չի ազդի, վարչապետը պատասխանեց. «Հեղափոխությունից երկու ամիս անց մեր թեկնածուն պարտվեց Կապանի քաղաքապետի ընտրություններում, դրանից հետո տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, և «Իմ քայլը» դաշինքը 70% ձայն հավաքեց Սյունիքի մարզում: Այսինքն՝ եկեք այսօրվա իրողությունները հին արշինով չչափենք: Այս ընտրություններում, ՀՀ բոլոր ընտրություններում՝ անկախ նրանից, թե «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն կհաղթի, թե չի հաղթի, հաղթում է հեղափոխությունը, և հաղթում է ժողովուրդը։ Դա ամենակարևոր արձանագրումն է»։
Հարակից հրապարակումներ`
- Գետարգելի գյուղապետը ԲՀԿ-ական է, Ազատամուտինը` դաշնակցական
- Աբովյանում իշխանության թեկնածուն պարտվել է
- ՔՊ-ական 8-ամյա կրթություն ստացած թեկնածուն պարտվել է Սպանդարյանում
- Աբովյանում ՔՊԿ թեկնածուի շտաբի պետի մեքենան հրկիզել են
- ԱԱԾ-ն Աբովյանում բացահայտել է կաշառք ստանալու, կեղծ փաստաթղթեր պատրաստելու, օգտագործելու դեպքեր
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան