«Հրապարակ». Ավինյանը «Նաիրիտը» ոչնչացնելու հատուկ ծրագիր ուներ, որը հաջողությամբ իրագործվում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 8-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Դիլիջանում, «Մտքերի գագաթնաժողովի» ժամանակ հայտնել էր, որ իր գրասենյակի ղեկավարը Չինաստանում այցելել է «Շանսի-Նաիրիտ» գործարան և նոր համաձայնագրեր ստորագրել՝ արտադրությունը զարգացնելու նպատակով։ «Գործարան կգնան 4 մասնագետ Հայաստանից, մեկը՝ փոխտնօրենի կարգավիճակում»,- ասել էր նա։ Այդ 4 մասնագետները «Նաիրիտ» ՓԲԸ նախկին աշխատակիցներ են՝ հայտնեց «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը։ «Մեր գործարանը փակեցին, հիմա էլ մասնագետներին են տանում»։
Փաստորեն, կառավարությունը տապալեց «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ծրագրերը, արգելակեց կոլեկտիվի ջանքերը, հիմա տանում է մասնագետներին։ Իսկ ավելի վաղ չինացիները տարել էին նաև տեխնոլոգիաները։ «Շանսի-Նաիրիտ»-ը ստեղծվել էր մեր «Նաիրիտի» տեխնոլոգիաների հիման վրա։ Հունիսի 24-ին հիմնական արտադրությունները՝ քլորոպրենի, ացետիլենի, թթուների, վաճառվելու են աճուրդով։ Տպավորություն է, որ Ավինյանը «Նաիրիտը» ոչնչացնելու հատուկ ծրագիր ուներ, որը հաջողությամբ իրագործվում է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: