Ամոթից գետինն էի մտնում. Արայիկ Հարությունյան
«Շիրակի պետական համալսարանը գտնվում է շատ վատ վիճակում, և ոչ թե ֆինանսական, այլ՝ բարոյահոգեբանական»,- այս մասին այսօր խորհրդարանում հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այսպիսի հայտարարություն արեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այնտեղ զրո ակադեմիզմ է, քանի որ ձևավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք առաջնորդվում են բացառապես իրենց շահերով:
«Ամենայն լրջությամբ եմ ասում, եթե իրավիճակը շարունակվի այսպես, մենք հարց կդնենք բուհի կամ լուծարման, կամ միավորումների, որի արդյունքում կձևավորվի նոր խորհուրդ և հարցերն այդպես կլուծենք։ Այսինքն՝ իրենք պետք է ջանք գործադրեն, որպեսզի իրավիճակը շտկվի։ Այս բուհում առկա բարդությունները կապված չեն ֆինանսական հարցերի հետ, այլ այդ խմբակների՝ միմյանց հետ պայքարի»,- ասաց նախարարը։
Նա շեշտեց, որ եթե խելքի չգան բոլորով, Շիրակի համալսարանի հետ կապված, վիրահատական կլինեն միջոցները:
«Ես անձամբ երկու անգամ եղել եմ այդ բուհում, ամոթից գետինն էի մտնում, երբ այդ մթնոլորտը տեսնում էի, երբ դասախոսների միջև հարաբերություններն էի տեսնում, մի խայտառակություն, որը պետք է շտկել»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Համբարյան. Շիրակի պետհամալսարանում շարունակվում է բեսպրեդելը
- Արայիկ Հարությունյան. Հրատապ լուծում է պահանջում Շիրակի պետհամալսարանում ստեղծված բարձիթողի վիճակը
- Շիրակի պետհամալսարանի ռեկտորը դիմել է ուսանողներին