Եթե Ամուլսարի հարցով եզրակացությունը բացասական լինի, աշխատանքները կդադարեցվեն. նախարար
«Եթե չեմ սխալվում, մինչև մայիսի վերջը պետք է միջազգային կազմակերպությունը, որին վճարված էր մի քանի հարյուր հազար դոլար, տար եզրակացությունը։ Ի՞նչ վիճակում է այդ եզրակացությունը՝ կա՞, թե՞ չկա, եթե կա, ի՞նչ է բխում քայլերով, որ հանրությունը իմանա և երկկողմանի նաև ներդրողներն իմանան Ամուլսարի ճակատագիրն ինչպես է լինելու»,- ԱԺ-ում մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։
Նա պատասխանեց, որ եզրակացությունն արդեն Քննչական կոմիտեն ստացել է, որը քրեական գործի շրջանակներում փաստացի ապացույցներ ձեռք բերելու գործընթացի մի մաս է կազմում։
«Եզրակացությունից հետո Քննչական կոմիտեն կտա նաև տեղեկատվություն եզրակացության հիման վրա, և եթե եզրակացությունը լինի բացասական և կնշվի, որ առկա վտանգները կազմակերպության գործունեության հետ անհամատեղելի են, մասնավորապես ջրային ռեսուրսների հետ կապված, ապա կառավարությունը իրավական գործընթաց կիրականացնի, որպեսզի աշխատանքները դադարեցվեն»,- նշեց Գրիգորյանը։
Նա հայտնեց, որ նախնական եզրակացությունը մայիսի վերջին է ներկայացվել, որը հանրությանը կներկայացվի հունիսի վերջին։
Պատգամավորը հետաքրքրվեց նաև Սևանա լճի մակարդակի բարձրացումից:
Նա հիշեցրեց, որ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել է, որ 45 սմ-ով բարձրացել է լճի մակարդակը և հասել նախորդ տարվա մակարդակին. «Ճի՞շտ են այդ թվերը և արդյոք այս տարի և՞ս 170 մլն խմ-ից ավելին է Սևանից ջուր վերցվելու, ինչպես նախորդ տարի»։
Նախարարի խոսքով՝ Ցոլակյանի նշած թվերը ճիշտ են. «Տարեկան 45-54 սմ տատանումներ լինում են։ Այս պահի դրությամբ, սակայն, Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ պակաս է 1 սմ-ով»:
Ինչ վերաբերում է լրացուցիչ ջրառին՝ Գրիգորյանն ասաց, որ հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ ջրամբարների լցվածության մակարդակը, խոնավությունը, լրացուցիչ ջրառի կարիք չի լինի։
Հարակից հրապարակումներ`
- Ստացվել է Ամուլսարի շահագործման նպատակով նշանակված փորձաքննության եզրակացությունը
- Որևէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա և չի կարող լինել. Ավինյանը՝ Ամուլսարի մասին
- Ավտոերթ և հանրահավաք՝ ի պաշտպանություն Ամուլսարի
- Դատարանը պարտավորեցրել է Ոստիկանությանը քրգործ հարուցել Ամուլսարի ճանապարհները փակած ցուցարարների դեմ
- ՔԿ պարզաբանումը` Ամուլսարում նշանակված համալիր փորձաքննության վերաբերալ