Տնտեսությունը զարգացնելու մոդելը կա, վարչապետի արձագանքը՝ չկա
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019 թվականի առաջին եռամսյակում իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալներն ըստ երկրների: Չնայած իշխանության ներկայացուցիչները պարբերաբար բարձրաձայնում են ներդրումների մասին, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամեն ինչ այդքան էլ ոգևորիչ չէ։
Այսպես, ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա հունվար-մարտին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են 3 մլրդ 713.1 մլն դրամ, մինչդեռ 2018 թ-ի առաջին եռամսյակում դրանք կազմել են 40,7 մլրդ դրամ, այսինքն՝ ուղղակի ներդրումների զուտ հոսքն այս տարի կրճատվել է շուրջ 37 մլրդ դրամով։
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ասաց, որ ներդրումներ ներգրավելու համար տնտեսական քաղաքականությունը պետք է լինի ավելի պրոակտիվ:
Տնտեսագետի խոսքով՝ թեև օտարերկրյա ներդրումները կարևոր են, բայց առաջին հերթին պետք է խթանել ներքին ներդրումները:
Անդրադառնալով ներդրումային ծրագրերին՝ Թաթուլ Մանասերյանն ասաց, որ միգուցե դրանք կան, բայց լայն հանրությանը հայտնի չեն:
«Որպես տնտեսագետ՝ ինձ չի բավարարում այն քայլերը, որոնք արվում են տնտեսության աշխուժացման ուղղությամբ: Իշխանությունը խոսում է տնտեսական հեղափոխության մասին, որը թեև ողջունելի է, բայց հեղափոխական քայլերից առաջ գոնե աշխուժացման քայլեր են պետք, որոնք պարզապես այս պահին չկան»,- ասաց տնտեսագետը:
Ըստ նրա՝ տարբեր համաժողովների ժամանակ բարձրաստիճան այրերը խոսում են ծրագրերի, երկիրը զարգացնելու մասին, բայց դրանց պետք է հետևեն քայլեր, որոնք առայժմ նկատելի չեն:
Թաթուլ Մանասերյանը հիշեցրեց ապրիլին ԵՊՀ-ում վարչապետի հետ տեղի ունեցած հանդիպումը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր՝ տնտեսական մոդելը ստացել է ժողովրդի վստահության քվեն, և այժմ տնտեսագիտական հանրությունը պետք է առաջարկներ ներկայացնի, թե ինչպես պետք է այդ մոդելը կյանքի կոչվի:
Այսպիսով, նա ակնկալել էր տնտեսագետների աջակցությունը, այսինքն՝ տնտեսագիտական հանրությունը առաջարկներ ներկայացնի կառավարությանը:
Թաթուլ Մանասերյանը նշեց, որ վարչապետի հանդիպումից հետո տնտեսագետները սկսել են աշխատել այդ մոդելի վրա, և մեկ շաբաթ անց արդեն առաջարկները պատրաստ են եղել, սակայն երբ փորձել են տնտեսությունը զարգացնելու մոդելը ներկայացնել վարչապետին, հանդիպել են խոչընդոտների:
«Կառավարությունը առաջարկներ էր ակնկալում տնտեսագետներից, դրանք մշակվել են, տեղեկացրել ենք կառավարությանը, բայց պետք է ցավով արձանագրեմ, որ արդեն 1,5 ամիս է անցել, իսկ կառավարությունից որևէ արձագանք չենք ստացել: Վարչապետի աշխատակազմը շատ բարեհամբույր է, բայց մեր զանգերը տեղ չեն հասցնում: Այդ մշակված մեխանիզմն անձամբ ներկայացրել եմ էկոնոմիկայի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարներին: Նպատակը մեկն էր՝ ստանալ վերամշակելու, շտկելու ուղղությամբ դիտարկումներ, որոնք հաշվի առնելուց հետո գործնական կիրառության մեջ կմտցնեին: Շնորհակալ եմ, որ նրանց կողմից այն ուշադրության արժանացավ, բայց կառավարությունում, հենց վարչապետի շուրջը, կարծես թե, բետոնե պատ կա, քանի որ նրան չեն հասնում անհրաժեշտ առաջարկները»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:
Տնտեսագետը թեև չի ցանկանում դա որակել որպես սաբոտաժ, բայց դե ֆակտո, ըստ նրա, սաբոտաժ է ստացվում. «Եթե տեսնում ես, որ վարչապետը բարձր տոնով ասում է՝ այս կամ այն գործը պետք է անել , ուզում ես օգնել, չէ՞ որ սա իմ երկիրն է, ի վերջո չեմ կարող անհաղորդ նստել և չարախնդալ, որ մի բան չի ստացվում: Իմ երկիրն է, իմ երկրի կառավարությունն է, և ուզում եմ ինձնից կախված որևէ բան անել, և ոչ միայն ես, նաև իմ գործընկերները: Բայց եթե դա տեղ չի հասնում, ապա ի՞նչ անել»:
Ըստ Թաթուլ Մանասերյանի՝ ստեղծված իրավիճակը պայմանավորված է նաև նրանով, որ գիտության համակարգի կարևոր կառույցներում աշխատում են հետագիծ չունեցող ոչ բանիմաց մարդիկ: Դրանք նախարարությունների կառուցվածքում գործող հիմնարկների անպատասխանատու, երբեմն օրինազանց ղեկավարներն են:
«Հիմա ուզում եմ հարց տալ՝ ովքե՞ր են հակահեղափոխականները, այն մարդիկ, որոնք վարչապետի կողմից նշանակված կառույցներում խայտառակ ձևով ձախողում են իրենց վստահված ոլորտները, թե՞ նրանք, որոնք բարձրաձայնում են այդ ձախողումների մասին: Մեկ տարի համբերատար սպասել ենք, էլի կսպասենք, եթե հարկավոր է, բայց հիմա ինչ անենք, թողնենք, որ մեր երկիրը ձեռքներիցս գնա՞, ոլորտ առ ոլորտ սպանեն, երիտասարդները, միջին տարիքի գործունյա մարդիկ հեռանա՞ն երկրից: Այս պահին դեռ չեմ ուզում անուններ տալ, բայց եթե մտահոգ է կառավարությունը, մեկի տեղը մի քանի անուն կարող եմ տալ, եթե դա կօգնի: Սրանք մարդիկ են, որոնք նստած են բավական պատասխանատու կառույցներում և անգործության են մատնված: Ուղղակի չեք պատկերացնում, թե ինչ վնաս են տալիս: Ուզում եմ, որ այս հարցերին լուծում տրվի, ուզում եմ հետևողական լինեն և լրջորեն մոտենան խնդիրներին»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան