Վերաքննիչ դատարանում նիստին ներկա են Ռոբերտ Քոչարյանն ու Արթուր Դավթյանը
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի մեկնարկեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը։
Դատարան եկավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ավելի ուշ դատարանի դահլիճ եկավ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Նիստն ընթանում է դռնբաց։ Պաշտպանական կողմն առարկություն չներկայացրեց, որ լրագրողներ ներկա լինեն նիստին։ Ինչպես ներկայացրեց դատավորը, այս պահին նիստի նախապատրաստական և կազմակերպչական փուլն է։
Գլխավոր դատախազության բողոքը ևս քննելու է նույն դատավորը։ Հիշեցնենք, որ դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը։
Միաժամանակ դատարանի շենքի դիմաց ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահի ակցիա են իրականացնում նրա աջակիցները։ Նրանք պնդում են, որ Հայաստանում այս պահին երկու քաղբանտարկյալ կա, նրանցից մեկը Ռոբերտ Քոչարյանն է։
Դատարանի դիմաց մեծ թվով ոստիկաններ կան։