Զարմիկիս նշանակել եմ ինձ օգնական, ազգականիս՝ խորհրդական. Արարատի մարզպետ
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով պարգևավճարներին՝ նշեց, որ նախ պարգևատրվում են քաղծառայողներն իրենց բաժնի պետի ներկայացրած գնահատականով, իսկ մարզպետի ստորագրությամբ պարգևատրվում են վարչության պետերն ու հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք:
«Նրանք մարզպետի հայեցողությամբ կարող է պարգևատրվեն 100 կամ 40 տոկոսի չափով»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ինքն իրեն պարգևատրելուն, մարզպետն ասաց, որ վերջին անգամ պարգևավճար ստացել է բոլորին հայտնի 104.5 տոկոսի չափով:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է մարզպետարանում աշխատանքի ընդունել իր բարեկամներին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է՝ պետք է ձերբազատվել նախկինում եղած արատավոր երևույթներից, մասնավորապես, հարազատներին տարբեր պաշտոնների նշանակելուց, մարզպետը պատասխանեց. «Մենք բոլորս ունենք կրթված բարեկամներ, հարազատներ, ընկերներ, որոնք կարող են պաշտոններ զբաղեցնել թե մեր ենթակայության տակ գործող հիմնարկներում, թե առհասարակ Հայաստանում նրանք պետք է իրենց տեղը գտնեն, աշխատանք ունենան։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ես պաշտոնի եմ նշանակել իմ հարազատին կամ բարեկամին, այսինքն՝ նշանակել եմ հայեցողական պաշտոնի իմ որոշմամբ, ապա ասեմ, որ ունեմ մեկ զարմիկ, ում նշանակել եմ ինձ օգնական, ունեմ ևս մեկ ազգակցական բարեկամ, ում նշանակել եմ ինձ խորհրդական։ Գտել եմ, որ իրենց աշխատանքը կարող է արդյունավետ լինել»:
Այսպիսով, ըստ Գարիկ Սարգսյանի, հաշվի է առել նրանց աշխատանքային փորձն ու կրթությունը։
Դիտարկմանը, թե իրենց թիմը քննադատում էր նախկին իշխանություններին բարեկամներին պաշտոնների նշանակելու համար, հիմա ինչո՞ւ են նույնը կրկնում, մարզպետն ասաց. «Ես ամենևին չեմ արդարանում, արդարանալու համար կասեի՝ ոչ, իրենք իմ բարեկամն ու ազգականը չեն։ Եթե որոշել եմ ինչ-որ մեկին վստահել աշխատանք, բայց նա իր աշխատանքով վնասելու է մեր ընդհանուր գործին, մեկ վայրկյան չեմ հապաղի ու կազատեմ աշխատանքից։ Այնպիսի տպավորություն չլինի, թե ատամներով պահում եմ իմ բարեկամներին»:
Հարցին, թե փաստորեն վարչապետի հորդորը տեղ չի հասնում, Գարիկ Սարգսյանն արձագանքեց. «Մարզպետարանի 133 աշխատակիցներից ընդամենը երկուսն են իմ բարեկամները»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան